Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում կներդրվի «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը

24 Հոկտեմբեր, 2021 10:05
Գեղարքունիքի մարզում կներդրվի «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի` սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին:

Հանդիպման սկզբում Վահան Առաքելյանը խոսել է այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են հանրապետության տարբեր մարզերում և առաջիկայում կներդրվեն նաև Գեղարքունիքում:

Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը, որի մեկնարկը Գեղարքունիքի մարզում կտրվի առաջիկա օրերի ընթացքում:

«Ծրագիրը սննդի արտադրության ոլորտում գործող միկրոձեռնարկություններին հնարավորություն է տալու ստանալ 30 % սուբսիդավորում՝ արևային կայաններ տեղադրելու համար: Արևային կայան ստացող միկրոձեռնարկությունը, որպես կանխավճար, պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10 %-ը: Արժեքի մնացած 60 %-ը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում:

Իրականացվող նախագիծը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության և եկամտի աճին: Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է այն միկրոձեռնարկությունների համար, որոնք փորձում են միջոցներ գտնել էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար»,- նշել է Վահան Առաքելյանը:

Ծրագրին կարող են դիմել նաև այն ձեռնարկությունները, որոնք ղեկավարվում են կնոջ, երիտասարդների, միայնակ ծնողի, հաշմանդամություն ունեցող անձի կողմից, այն գտնվում է գյուղական վայրում կամ արտադրում է Հայաստանում ոչ ավանդական սննդատեսակներ: Միկրոձեռնարկության աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը: ՊՀԾ-ի այս նախաձեռնության տեսլականն է՝ արևային կայանները հասանելի դարձնել փոքր ձեռնարկությունների համար:

«ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանի 51 դպրոցներում արդեն իսկ տեղադրվել են արևային կայաններ, ինչի շնորհիվ նվազել են կրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերը՝ օգնելով նրանց խնայողություններ կատարել և հոգալ դպրոցի կարիքները»,- նշել է Վահան Առաքելյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի՝ մարզում նման ծրագրի ներդրման գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցել մարզից ծրագրի շահառուների հետ քննարկումների կազմակերպման, տեղեկատվության տարածման և այլ հարցերում:

Այնուհետև կողմերն անդրադարձել են նույն ծրագրի միջոցով «Դպրոցամերձ գյուղատնտեսություն» ստեղծելուն: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանը հավաստիացրել է, որ հաջորդ տարի այդ գաղափարը կներդրվի նաև Գեղարքունիքի մարզի այն դպրոցներում, որոնք օգտվում են ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրից: 

 

Լրահոս

Դիտել ավելին