Կարևոր իրադարձություններ

Իտալիայի տնտեսական զարգացման նախարարն ընդգծել է Հայաստանի հետաքրքիր աշխարհագրական դիրքը, որը կարող է լինել դարպաս դեպի Միջին Արևելք և ԵԱՏՄ

24 Հոկտեմբեր, 2021 00:00
Իտալիայի տնտեսական զարգացման նախարարն ընդգծել է Հայաստանի հետաքրքիր աշխարհագրական դիրքը, որը կարող է լինել դարպաս դեպի Միջին Արևելք և ԵԱՏՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ջանկալրո Ջորջետտիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից:

Ինչպես տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից, վերջինս ողջունել է հայկական պատվիրակության այցը և հույս հայտնել, որ այն կնպաստի գործընկերային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելուն: Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար և պատրաստակամություն հայտնել աշխատանքներ տանել, որպեսզի հնարավոր դառնա հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստի շուտափույթ կազմակերպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև նախանշվել է համագործակցության զարգացման օրակարգը։

Այցի շրջանակում նախարար Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նաև Սան Մարինոյի Արդյունաբերության, արհեստների և առևտրի նախարար Ֆաբիո Ռիգիի հետ: Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները: Նախարար Ֆաբիո Ռիգին մեծ հետաքրքրություն է դրսևորել ՀՀ-ի՝ Եվրամիության հետ համապարփակ և ընդլանված համաձայնագրի կնքման գործընթացի փորձով: Նախարար Ֆաբիո Ռիգին ընդգծել է Հայաստանի հետաքրքիր աշխարհագրական դիրքը, որը կարող է լինել դարպաս դեպի Միջին Արևելք և Եվրասիական տնտեսական միություն: Կողմերը կարևորել են երկու երկրներում մարդկային կապիտալի ներուժը. այս առումով քննարկվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը ընկերությունների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել և վեր հանել այն ուղղությունները, որոնց շրջանակներում երկրների միջև համագործակցությունը կարող է հեռանկարային զարգացում ունենալ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին