Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հումանիտար առաքելության խումբը Հալեպում իշխանություններին է հանձնել ականզերծված ավելի քան 880 հազար քմ տարածք

23 Հոկտեմբեր, 2021 20:40
Հայաստանի հումանիտար առաքելության խումբը Հալեպում իշխանություններին է հանձնել ականզերծված ավելի քան 880 հազար քմ տարածք

Այսօր Հայաստանի հումանիտար առաքելության խումբը Հալեպում սիրիական իշխանություններին է հանձնել ականզերծված ավելի քան 880 հազար քմ տարածք: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.

«Հալեպի նահանգի իշխանություններին Հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը կայացել է հոկտեմբերի 23-ին: Երկու ականադաշտ՝ մոտ 450 000 ք/մ ընդհանուր մակերեսով, այսօր շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին»:

Հայտնաբերվել է ավելի քան 190 հատ զինամթերք և ենթազինամթերք, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ինքնաշեն պայթուցիկ առարկաներ:

Ընթացակարգում ստորագրվել են հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները:

Տարածքների հանձնման արարողությանը ներկա էին նաև Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Խմբի ղեկավար Սերգո Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները,  նշել է.

«Ամռանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում հայ ականազերծողները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 45 հա հողատարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»:

Հալեպի փոխնահանագապետն էլ իր հերթին կարևորել է կատարված աշխատանքները: Նա հույս ունի, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին