Կարևոր իրադարձություններ

Վահան Նարիբեկյանն ու Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարը քննարկել են երկու խորհրդարանների բարեկամական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

22 Հոկտեմբեր, 2021 18:59
Վահան Նարիբեկյանն ու Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարը քննարկել են երկու խորհրդարանների բարեկամական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում ընթացող Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղար Վասիլեոս Բայոկոսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Կողմերը քննարկել են երկու խորհրդարանների բարեկամական կապերի ամրապնդմանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների մեկնարկին առնչվող հարցեր՝ Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է երկու բարեկամ պետությունների խորհրդարանների նման ձեւաչափով համագործակցությունը, որն անհրաժեշտ է փորձի փոխանակման եւ  խորհրդարանների աշխատակազմերի ինստիտուցիոնալ զարգացման համար:

Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղարը ողջունել է Թվինինգ ծրագրի շրջանակում երկու պետությունների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության մեկնարկը՝ նշելով, որ այն նպաստում է խորհրդարանների ներքին գործընթացների զարգացմանը եւ լավագույն փորձի տեղայնացմանը: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով համավարակով պայմանավորված նոր իրողությունները:

Զրուցակիցները քննարկել են երկու պետությունների խորհրդարանների աշխատակազմերի գործունեության առանձնահատկությունները, համավարակի ընթացքում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման առաջնահերթությունները: Նման ձեւաչափով հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Թվինինգ ծրագրի Հունաստանի խորհրդարանի կողմից ղեկավար Էլենի Կանելոպուլուն:

 

Լրահոս

Դիտել ավելին