Կարևոր իրադարձություններ

Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները

22 Հոկտեմբեր, 2021 16:50
Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները

Հոկտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ է հանձնել Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժինը:

Հանդիսավոր միջոցառումն անցկացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Ռեկտորը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ ցանկացած ուսումնական կառույցի հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից գործունեության ընթացքում գրանցված ձեռքբերումներն են, միաժամանակ հորդորելով բարձր պահել նաև Ակադեմիայի պատիվը:

ՀՀ գլխավոր դատախազը շրջանավարտներին ներկայացրել է դատախազի բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքի առանձնահատկությունները՝ նրանցից նաև ակնկալելով նվիրում, համակարգին նոր շունչ և մտածողություն բերելու ձգտում:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների ևս մի խմբի մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:

Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված ուսուցման ծրագրի, տևել է 7 ամիս և 2 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

 

Լրահոս

Դիտել ավելին