Կարևոր իրադարձություններ

Խաղաղ համակեցությունը կարևոր է բոլորի համար, և կարևոր է,որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը գնահատեն այն. Պուտին

21 Հոկտեմբեր, 2021 23:38
Խաղաղ համակեցությունը կարևոր է բոլորի համար, և կարևոր է,որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը գնահատեն այն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և կարևորել տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:

Նա հայտարարել է,որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարևոր քայլ են արել՝ դադարեցնելով պատերազմն ու արյունահեղությունը, և այժմ կարևոր է տարածաշրջանի խաղաղության համար նախապայմաններ ստեղծել: Իսկ դրան, ՌԴ նախագահի խոսքով, հնարավոր է հասնել, եթե կողմերը երկարաժամկետ պայմանավորվածություն կնքեն:

Նա նշել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է բոլորի համար, հետևաբար կարևոր է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը գնահատեն այդ խաղաղությունը: 

ՌԴ նախագահը մասնավորապես ասել է.

«Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ այո, հնարավո՛ր է»

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան։ Այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային շրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին էլ»,- հավելել է նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին