Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    549,5
    561,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Կարմիր կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

21 Հոկտեմբեր, 2021 22:11
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Կարմիր կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամիսներ առաջ իմ առաջարկով Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։

Եվ ահա այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:

Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։

Եվ վերջում, կցանկանայի ևս մեկ անգամ արշավական խմբերին և մեր հարգելի քաղաքացիներին հորդորել բնության հուշարձան այցելելիս դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն և սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերել մեր բնական հարստություններ նկատմամբ»։

Լրահոս

Դիտել ավելին