Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին

21 Հոկտեմբեր, 2021 14:55
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս ձեւաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ:

Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

«Covid-19 հանրային առողջության  ճգնաժամի առջեւ կանգնած ժողովրդավարություններ. փորձի փոխանակում, ճանապարհ դեպի առաջ» խորագիրը կրող պանելային ձեւաչափի քննարկումներն ուղղված են եղել համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարմանը:

Խորհրդաժողովի առաջին թեմայի շրջանակում շեշտադրվել է համավարակի պայմաններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից արտակարգ միջոցների ձեռնարկումը, որոնք արվել են  բացառապես հանրային առողջապահական նպատակներով: Այս իմաստով ծավալուն քննարկվել են մարդու իրավունքների սահմանափակմանն առնչվող որոշ դրույթներ: Հարցուպատասխանի առանցքում են  եղել ԵԽԽՎ-ի ընթացակարգային կանոնները՝ համաձայն որոնց սանիտարական  սահմանափակումների պայմաններում աշխատանքներն ընթանում են հեռավար, այլընտրանքային եղանակներով:

Քննարկման դիտակետում է եղել նաեւ ազգային խորհրդարանների կողմից համավարակի պայմաններում քաղաքացիների հետ երկխոսությունն ապահովելու լավագույն փորձի վերհանումը: Խորհրդաժողովին տարբեր երկրների խորհրդարանների նախագահները հիմնականում ներկայացրել են համավարակի պայմաններում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման փորձը:

Երկօրյա խորհրդաժողովի օրակարգային մյուս քննարկումները ծավալվելու են «Շրջակա միջավայրի իրավունք՝ ազգային խորհրդարաններ, առողջ լինելու իրավունք եւ կայուն միջավայր», «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրերի ներքո:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրով լիագումար նիստին:

Մինչ համաժողովի աշխատանքների մեկնարկն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին