Կարևոր իրադարձություններ

Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

21 Հոկտեմբեր, 2021 11:42
Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում մեկնարկած ուսուցիչների ատեստավորման գործընթացին՝ ասելով, որ այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որն, իր կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում: Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է: Ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատե՞լ իրենց որակավորումը, թե՞ ոչ։ 

 «Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների մասին է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս փուլում որոշ ժամանակ բաց կթողնեն կամավոր ատեստավորման պատուհանը: Միաժամանակ ավելացրեց, որ կընդլայնվի առարկաների ցանկը:Հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով: Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք մեկ անգամ արդեն իրենց աշխատավարձն իրենց գիտելիքով կամ իրենց որակավորմամբ կարողացել են 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40, 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը: Այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր:

 «Այս գործընթացի արդյունքում Հայաստանի հանրակրթական համակարգում կլինեն բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ:Կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորմամբ ուսուցչի հանրակրթական դպրոցներում»,- ասաց Փաշինյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին