Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին. «Հայաստանի Հանրապետություն»

21 Հոկտեմբեր, 2021 09:35
Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Երկիր մոլորակի վրա աշխարհաքաղաքական լուրջ եւ արագ տեղաշարժեր են արձանագրվում: Դրանք հիմնականում Եվրասիա աշխարհամասի կենտրոնական եւ հարավարեւմտյան հատվածներում են ակտիվ, որտեղ եւ Հայաստանն է: 21-րդ դարասկզբին այստեղ մեկնարկած պատերազմների շղթան շարունակվում է՝ ստանալով ավելի մեծ ծավալ եւ աղետալի հետեւանքներ: Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Աֆղանստանի, Արցախի պատերազմների շղթայի շարունակության համատեքստում լարվում է իրավիճակը Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի շուրջ: Պարբերաբար բախումներ են գրանցվում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանամերձ հատվածներում:

Այս ամենն ուղեկցվում է տարածաշրջանի երկրների աննախադեպ ծավալների սպառազինմամբ, ինչը փաստում է այնտեղ աշխարհաքաղաքական իրավիճակի էլ ավելի լարման հեռանկարի մասին: Ատոմային գործարքի պատճառով զենքի ձեռքբերման արգելքի պատժամիջոցների տակ գտնվող Իրանը դրանց չեղարկումից առաջ արդեն սկսել է բանակցությունները ռուսական արտադրության սպառազինություն գնելու համար: Օրերս Մոսկվա էր այցելել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին: Այցի նպատակը Ռուսաստանից կործանիչներ եւ ուղղաթիռներ գնելու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն են: Այս երկիրը, երկար տարիներ լինելով պատժամիջոցների ներքո, կարողացել է հզորացնել իր ռազմական արդյունաբերությունը, մասնավորապես՝ այն դարձնելով ինքնաբավ, սակայն նրա բանակի համար անհրաժեշտ որոշ զինատեսակների մասով ավանդաբար որակյալ արտադրանքները պատկանում են ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին: ԱՄՆ-ից Իրանի զենքի ձեռքբերումը հեռանկարային չէ, հետեւաբար՝ որպես այլընտրանքային շուկա մնում են ՌԴ-ն եւ Չինաստանը: Հատկանշականն այն է, որ Իրանը շտապում է եւ բանակցություններ է սկսել ՌԴ-ից՝ աշխարհում լավագույն ռազմական օդանավերի արտադրողներից մեկից, սպառազինության այդ տեսակը գնելու համար:

Մոհամմադ Բաղերիի խոսքերով՝ համաձայնագրերը կստորագրվեն Իրանին զենքի վաճառքի ՄԱԿ-ի էմբարգոյի ժամկետի ավարտից հետո: Վերջինս 4-օրյա աշխատանքային այցի շրջանակներում, բնականաբար, իր ռուս գործընկերների հետ քննարկել է նաեւ երկու երկրների ռազմաքաղաքական ոլորտի այլ հարցեր: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական ու ռազմաքաղաքական փոխգործակցությունը մեկնարկել է 2014 թ., երբ վերջիններս Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների հետ Բաղդադում ահաբեկչության դեմ պայքարի քառակողմ ռազմական տեղեկատվական կենտրոնի մաս կազմեցին: Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են նաեւ սիրիական պատերազմի ողջ ընթացքում, որը շարունակվում է նաեւ այսօր: Երկկողմ կապերի ընդլայնման նպատակով 2019 թ. հուլիսին Ռուսաստանի եւ Իրանի ռազմական գերատեսչությունների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այս երկրները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Հորմուզի նեղուցում, ինչպես նաեւ համագործակցում են Կասպից ծովում: Շանհայի համագործակցության կազմակերպությունում Թեհրանի լիիրավ անդամի կարգավիճակի ձեռքբերումն ավելի է խորացնում եւ ընդլայնում այս երկրների համագործակցության շրջանակները:

Տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողը՝ Թուրքիան, բացահայտ սպառազինության մրցավազքի մեջ է մտել Իրանի հետ՝ դրանով նույնիսկ ցանկանալով խանգարել վերջինիս: Մասնավորապես՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչության պետ Իսմայիլ Դեմիրը Իրանի բարձրաստիճան զինվորականի՝ Մոհամմադ Բաղերի մոսկովյան այցի օրերին հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է քննարկել ռուսական «Սու-35» եւ «Սու-57» ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան Վաշինգտոնի հետ համաձայնության չգա ամերիկյան «F-16» կործանիչների մատակարարման հարցում: «Եթե «F-35»-ի հետ կապված իրավիճակից հետո Միացյալ Նահանգները չհաստատի «F-16»-ի գործարքը, ապա Թուրքիան առանց այլընտրանքային տարբերակների չի մնա: Ցանկացած պահի «Սու-35»-ի եւ «Սու 57»-ի թեման կարող է վերաբացվել»,- ասել էր Դեմիրը։

Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից նույն զինատեսակի գնման հայտը կարող է ծանրաբեռնել ռուսական ավիաարդյունաբերությունը եւ ուշացնել Իրան ռազմական օդանավերի առաքումը, այն դեպքում, երբ վերջինս ցանկանում է օր առաջ դրանցով համալրել իր բանակը: Սա ավելորդ անգամ խոսում է այն ներքին լարված մթնոլորտի մասին, որն առկա է մեր տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակը Հայաստանին նույնպես ստիպում է համարժեք գործողությունների դիմել՝ իր զինված ուժերը բարեփոխելու եւ սպառազինությամբ հագեցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին