Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ. Վահան Քերոբյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահի պատվիրակությանը

20 Հոկտեմբեր, 2021 23:52
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ. Վահան Քերոբյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահի պատվիրակությանը

Հոկտեմբերի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման գործում։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանում Հայաստանն ունի առևտրային կցորդ, ով իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը։

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալություն է հայտնել Վահան Քերոբյանին ընդունելության համար և նշել, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում զգալի է էկոնոմիկայի նախարարի անձնական ներդրումը։ Հերվիկ Յարիջանյանը նաև ընդգծել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Իրանում մեծ ոգևորություն է նկատվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ իրանական կողմը հետաքրքրված է համագործակցելու տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Իրանի տրանսպորտի նախարարի հետ ստորագրված հուշագրի կետերի մասով ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում և հույս  է հայտնել, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը դրանց կտրվեն լուծումներ։

Խոսելով Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ իրանցի գործարարների մոտ առաջացող խնդիրների մասին՝  Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն առանձնացրել է երկու երկրների միջև հեռախոսային կապի անհասանելիությունը, նաև Հայաստանում պահեստներ ունենալու հարցը՝ շեշտելով, որ նշված խնդիրների լուծումը զգալիորեն կհեշտացնի գործընթացը և դրական ազդեցություն կունենա երկու երկրների արևտրային հարաբերությունների վրա։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրանական ցուցահանդեսների կազմակերպման ընթացքում իրանցի գործարարներին հայկական կողմից տրամադրվող աջակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստան և Իրան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին պետք է ներգրավել մասնավոր հատվածի ավելի շատ ներկայացուցիչների։ Այս համատեքստում Վահան Քերոբյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել երկու երկրների գործարարների համար, որը թույլ կտա հայ գործարարաներին ծանոթանալ իրանական արտադրությանը և օգնել նրանց մոտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։

Անդրադառնալով պահեստների ստեղծման հարցին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ, որը նաև կունենա մաքսային պահեստներ։ Նախարարը նաև առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, որոնք կնպասեն նոր ստեղծվող պարկի զարգացմանը։

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանն առաջարկել է քննարկված հարցերը գործնական քայլերի վերածելու նպատակով համագործակցել Իրանում Հայաստանի առևտրային կցորդի հետ և համատեղ ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին