Կարևոր իրադարձություններ

Ուսանողների համար նախատեսվում է մեկ տարի տեսական, կես տարի՝ պրակտիկ գործունեություն

20 Հոկտեմբեր, 2021 17:05
Ուսանողների համար նախատեսվում է մեկ տարի տեսական, կես տարի՝ պրակտիկ գործունեություն

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ասաց, որ Երևանի պետական համալսարանն աշխատում է այն շշուղղությամբ, որ ուսանողները կարողանան իրենց տեսական գիտելիքները կիրառել նաև պրակտիկ ոլորտում: Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ ուսանողները կրթություն ստանալու հետ մեկտեղ շատ հաճախ դժվարանում են իրենց տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում որևէ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու ընթացքում:

«Այս հարցը համալսարանի հիմնական խնդիրներից մեկն է, երբ որ տեսական և պրակտիկ գիտելիքները իրար հետ չեն համապատասխանում, բայց համալսարանը այն լուծելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Մենք ունենք երկու ծրագիր արդեն, որտեղ բիզնեսին առաջարկում ենք համատեղ ձևավորել կրթական ծրագիր, նաև ներգրավել բիզնես ոլորտում տեսական և պրակտիկ գիտելիքներ ունեցող մարդկանց այս դասավանդման պրոցեսում: Այսինքն՝ մենք նախատեսում ենք ուսանողներին կես տարի ժամկետով ուղարկել տվյալ բիզնես ոլորտ, որպեսզի տեղում ծանոթանան անհրաժեշտ գիտելիքներին»,- իր խոսքում ասաց ռեկտորն ու հավելեց, որ նրանք ստանալու են մեկ տարի տեսական, կես տարի՝ պրակտիկ գիտելիքներ։ 

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը շեշտեց՝ հումանիտար մասնագիտությունների համար նույնպես համալսարանը կազմակերպում է պրակտիկաներ: Յուրաքանչյուր մասնագիտության հարցով հստակ է, թե ուսանողները որտեղ են գնալու պրակտիկայի: «Մենք այս հարցը վերանայում ենք, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գնալ այնպիսի տեղ պրակտիկայի, որը կլինի մասնագիտացված հաստատություն, օրինակ՝ մանկավարժը պետք է գնա դպրոց և այլն»:

«ԵՊՀ-ն արդեն մի քանի ընկերությունների հետ պայմանավորվածություն ունի՝ տարբեր լաբորատորիաներ բացելու համար։ Աշխատում ենք և շուտով կբացենք «Կրիսպ» ընկերության լաբորատորիան»։

Նա նշեց  որ ակտիվ են նաև ԱյԹի ոլորտի կազմակերպությունները:

«Մենք ենք գնում և կազմակերպություններին առաջարկում, ասում՝ մենք կարող ենք այս ծրագիրն իրականացնել: Եթե դուք մեզ ներկայացնենք ձեր պահանջները, մենք էլ մեր ռեսուրսները կգնահատենք, և դուք էլ ապագայում կադրային խնդիրներ չեք ունենա ասաց ռեկտորի պաշտոնակատարը» :

Հովհաննիսյանն ասաց նաև, որ հիմա երիտասարդները գնում են այն մասնագիտության հետևից, որը նրանց գումար է բերելու և մոռանում են գիտության մասին․ «Պետք է այնպես անել, որ երիտասարդությունը չանտեսի նաև գիտությունը, այսինքն՝ ՏՏ ոլորտ գնացող եւ ամենաքիչը 400-500 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդը, գիտության մեջ մնալով, եւս կարող է տեղական եւ միջազգային գրանտներով այդ աշխատավարձի չափը կրկնապատկել»:

 

Լրահոս

Դիտել ավելին