Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը ՀՀ-ում ՄԹ-ի դեսպանի հետ քննակել է ԼՂ խնդրի տևական և համապարփակ կարգավորման հարցը

20 Հոկտեմբեր, 2021 15:58
Միրզոյանը ՀՀ-ում ՄԹ-ի դեսպանի հետ քննակել է ԼՂ խնդրի տևական և համապարփակ կարգավորման հարցը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը:

Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին