Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կմիանա «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների մասին» համաձայնագրին

20 Հոկտեմբեր, 2021 12:42
Հայաստանը կմիանա «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների մասին» համաձայնագրին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին,  որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաեւ ԵԱՏՄ անդամ  բոլոր երկրները: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Համաձայնագրի նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունը արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաեւ զարգացնել միջազգային առեւտուրը: Սահմանվում են շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները եւ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Ակնկալվում է, որ համաձայնագրին միանալը կդյուրացնի արագ փչացող բեռների փոխադրման գործընթացը, իսկ հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները Հայաստանի  տարածքում հնարավորություն կստանան իրականացնել արագ փչացող բեռներ փոխադրող սարքավորումների համապատասխանության ստուգման գործընթացը եւ ստանալ համապատասխան նմուշի հավաստագիր:

Փաստաթղթին  միանալը կնպաստի հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը եւ արտահանումների ծավալների մեծացմանը:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկումը նախատեսվում է իրականացնել  խորհրդարանի՝ նոյեմբերի 16-ին գումարվելիք հերթական նիստերի ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին