Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է 100-ամյա հոբելյանը

20 Հոկտեմբեր, 2021 11:41
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է 100-ամյա հոբելյանը

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։

Հոբելյանական գլխավոր միջոցառումը կկայանա հոկտեմբերի 20-ին Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ժամը 18։30-ին թատրոնի VIP սրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես կհաջորդի գալա համերգը (ժամը 19։00-ին)։ Համերգն իր շուրջը կհամախմբի բուհի՝ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։ Տոնական միջոցառմանը ելույթ կունենան բուհի դասախոսներըուսանողները, շրջանավարտները, նվագախումբը և երգչախումբը։

Հանդիսավոր արարողության ընթացքում Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին կշնորհվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ կհանձնվեն նաև զոհված ուսանողներին։

Նշենք, որ 1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի ղեկավարությամբ ստեղծվել է երաժշտական ստուդիա, որը, հետագա տարիներին դառնալով հայկական ակադեմիական երաժշտարվեստի հիմնական դարբնոցը, աշխարհին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են Գրիգոր Եղիազարյանը, Էդվարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ղազարոս Սարյանը, Մեդեա Աբրահամյանը, Ավետ Տերտերյանը, Սվետլանա Նավասարդյանը, Էդվարդ Թադևոսյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ։

 

Լրահոս

Դիտել ավելին