Կարևոր իրադարձություններ

Հարևան երկրում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները միջնորդավորված կերպով ուղերձ են Ռուսաստանին և Իրանին. «Հայաստանի Հանրապետություն»

20 Հոկտեմբեր, 2021 09:37
Հարևան երկրում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները միջնորդավորված կերպով ուղերձ են Ռուսաստանին և Իրանին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում երեկ մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք իրականացվում են ցամաքային զորքերի 2021 թ. նախապատրաստման պլանին համապատասխան: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքում, տեղանքի քարտեզների եւ մակետների վրա՝ կապի միջոցների լայն կիրառմամբ: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զորատեսակների հետ՝ կառավարման արդիական մեթոդների կիրառմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ էին անցկացվել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում։

Առաջին հարցն այն է, թե ինչու է տարածաշրջանում խաղաղության մասին շարունակաբար խոսող եւ «խաղաղության աղավնի» ներկայացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում։ Չկա այլ բացատրություն, քան հետագա ռազմական ագրեսիաների նախապատրաստվելու հանգամանքը, իսկ ներքին լսարանի մոտ՝ «հաղթանակի» էյֆորիկ տրամադրությունները վառ պահելու ցանկությունը։ Ալիեւի ռազմատենչ ծրագրերի մասին է ահազանգում նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը. խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Ինքնին հասկանալի է, որ այս կերպ Ադրբեջանը սողացող պատերազմի մոդելով նորանոր բարենպաստ, ռազմավարական նշանակության դիրքեր է զբաղեցնում մոտ ապագայում կոնկրետ գործողությունների դիմելու եւ արդեն այդ հատվածներում հայկական հողերը բռնազավթելու նպատակով։

Այս տրամաբանության շրջանակներում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները մի կողմից՝ ուղղակիորեն ուժի սպառնալիքի հստակ ցուցադրություն են Հայաստանի եւ Արցախի հանդեպ, իսկ միջնորդավորված կերպով ուղերձ են Ռուսաստանին եւ Իրանին։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման դեմ արտահայտվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի համատեղ զորավարժություններին Ադրբեջանում։ «Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության մեծացմանը եւ այն բանին, որ որոշ վարժանքներ սադրիչ բնույթ էին կրում»,- ասել էր Լավրովը: Հետեւաբար, Ադրբեջանի կողմից շարունակական ռազմական ակտվությունը մարտահրավեր է նաեւ Ռուսաստանին, որի խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերն այսօր Արցախում փխրուն անվտանգության երաշխավոր են։ 

Թուրքիայի ունեցած ազդեցության հետեւանքով ռազմաքաղաքական ուժերի նախապատվության մասին է խոսում այն, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակությանը եւ հայտարարել, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է: Նախարարի խոսքերով՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ ընդհանուր արժեքներ ունի միջազգային անվտանգության ապահովման հարցում: Նա նաեւ նշել է ադրբեջանցի խաղաղապահների մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին:

Ի դեպ, այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն առաջին հերթին հակադարձել է ադրբեջանական հայտարարություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հայցը դուրս է ռասսայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի պահանջներից եւ ամբողջապես կազմված է կեղծ հիմնավորումներից՝ զոհի տպավորություն ստեղծելու համար: «Ամեն անգամ, երբ Հայաստանն ահազանգում էր ատելության խոսքի, մշակութային ժառանգության ոչնչացման մասին եւ ներկայացնում հայցեր, Ադրբեջանն անմիջապես հակադարձում էր՝ նույնանման հայցով: Ադրբեջանը հայցի մեջ նշել է Խոջալուի դեպքերի մասին՝ շինծու մեղադրանքներով: Ես կարող եմ խոսել Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի կոտորածների մասին, սակայն դեռեւս դրա ժամանակը չէ»,- նշել է նա:

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է նաեւ ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին, հիշեցրել, որ հենց Ադրբեջանն է 90-ականներին հարյուր հազարավոր ականներ տեղադրել բազմաթիվ տարածքներում եւ տասնամյակներ շարունակ մերժել ականազերծման աշխատանքն ավարտին հասցնելու՝ հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությունները:

Նկատենք, որ անգամ պարտությունը հիմնավոր պատճառ չէ՝ թույլ տալու թշնամուն խլելու ամեն ինչ, կյանքի իրավունքը ամենաառաջնայինն է, որն անգամ միջազգային կամ այլ իրավունքներով հիմնավորելու կարիք չունի։ Եվ չնայած դրան, միջազգային իրավունքը տալիս է նման հնարավորություն, հետեւաբար, Հայաստանը պետք է հաստատակամ լինի իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին