ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը: Դրանց մեջ ներառված է նաև Արցախին 2 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Ամերիկայի հայկական համագումարից:
Ամերիկայի հայկական համագումարը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, ինչը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության»:
Համագումարից նաև հայտնում են.
«Օրինագիծն ինքնին վերահաստատում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվեց 1992թ.-ին, երբ Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում որդեգրեց հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ: 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 907 Բանաձևում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը: Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:
Սենատի Հանձնաժողովի գործողությունը հետևում է Հայաստանի համար 50 մլն դոլար և Արցախի համար 2 մլն դոլար հատկացնելու Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի օրինագծի և զեկույցի առաջարկությանը՝ 2022թ.-ի ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հետ կապված:
«Համագումարը ողջունում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին: Մինչ Ներկայացուցիչների պալատը և Սենատը անփոփում են Հատկացումների օրինագծերը, մենք կոչ ենք անում Կոնգրեսին հիմնավոր ֆինանսավորում հատկացնել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: