Կարևոր իրադարձություններ

Տոնոյանը վստահ է՝ փորձաքննության արդյունքները պատասխաններ կտան ՀՀ ԶՈՒ-երի համար «անորակ» զինամթերքի մասին պնդումներին․ փաստաբանական խումբ

19 Հոկտեմբեր, 2021 12:16
Տոնոյանը վստահ է՝ փորձաքննության արդյունքները պատասխաններ կտան ՀՀ ԶՈՒ-երի համար «անորակ» զինամթերքի մասին պնդումներին․ փաստաբանական խումբ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով մամուլի ներկայացուցիչների կողմից ստացվող հարցերը, փաստաբանական խումբը հանդես է գալիս հետեւյալ հաղորդագրությամբ.

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի սեպտեմբերի 30-ի հայտարարության համաձայն՝  խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարար Դ․Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին