Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն ընդունել է Էներգետիկայի խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին

18 Հոկտեմբեր, 2021 17:23
Գնել Սանոսյանն ընդունել է Էներգետիկայի խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Էներգետիկայի խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Նախարարը կարևորել է Հայաստանի անդամակցությունը միջազգային էներգետիկ խարտիային։ Հայաստանի Հանրապետությունն Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994թ-ին: 2021թ-ին Հայաստանը ստանձնել է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այս տարվա սեպտեմբերի 13-ին նշանակվել է համաժողովի նախագահ։ 2021թ. հունիսի 16-ին Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարության հետ համատեղ կազմակերպել է «Էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը՝ Կայուն զարգացման համար» խորագրով Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը։ Իսկ այս տարի դեկտեմբերի 14-15-ը Երևանում նախատեսված է Միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։

Ուրբան Ռուսնակը շնորհավորել է նախարարին պաշտոնին նշանակման կապակցությամբ և կարևորել է օբյեկտիվ դժվարությունների պայմաններում համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։
Հայաստանի համար 2021 թվականի առաջնահերթություններն ուղղված են ազատ և դիվերսիֆիկացված էներգետիկ շուկաների դյուրացմանը, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավավետության խթանմանը, կայուն զարգացման քաղաքականությունների ամրապնդմանը, էներգետիկ ինտեգրման բարելավմանը և էներգիայի հուսալի, նորարարական, թվայնացված և մատչելի մատակարարումների ապահովմանը։
Եվրոպական Էներգետիկ Խարտիան հիմնադրվել է 1991թ-ին` Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում են 51 երկիր:

 

Լրահոս

Դիտել ավելին