Կարևոր իրադարձություններ

Հայ-ռուսական հարաբերություններն, իսկապես, կրում են դաշնակցային բնույթ. Վլադիմիր Պուտին

18 Հոկտեմբեր, 2021 13:29
Հայ-ռուսական հարաբերություններն, իսկապես, կրում են դաշնակցային բնույթ. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի ընկերներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի բացման կապակցությամբ:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, իսկապես, ունեն դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:

Կարևոր է, որ ֆորումի շրջանակներում մեր երկրների կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչները կարողանան փորձի փոխանակում կատարել, երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ քննարկել և ուղիներ նախանշել հետագա համատեղ աշխատանքի համար:

Հուսով եմ, որ ֆորումը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև կխթանեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները:

Ես անկեղծորեն մաղթում եմ ձեզ հաջողություն և ամենայն բարիք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին