Կարևոր իրադարձություններ

Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովն ամփոփեց աշխատանքը

15 Հոկտեմբեր, 2021 18:10
Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովն ամփոփեց աշխատանքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ամփոփվեց Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը։ «Բուժօգնության ապահովումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիրավորներին» խորագրով համաժողովը բժշկական բուհի հյուրընկալ տանիքի ներքո էր համախմբել հայ և ֆրանսիացի առաջատար մասնագետներին։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի տարածած հաղորդագրությունից:

Հետպատերազմյան շրջանի և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ապագա հեռանկարների շուրջ ծավալված քննարկման շրջանակում Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների ցանցի (HCL) բժշկական հանձնաժողովի նախկին նախագահ, պրոֆեսոր Օլիվյե Կլարիսը ներկայացրեց Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների ցանցի ծրագրերը։

Լե Վինատիե բժշկական կենտրոնի ծրագրերին մանրամասնորեն անդրադարձավ բժշկական կենտրոնի միջազգային համագործակցության համար պատասխանատու Սիլվիա Թոփուզխանյանը։ Նրա խոսքով՝ այս տարվա նոյեմբերին հայ և ֆրանսիացի բժիշկների մասնակցությամբ կկայանա տեսակոնֆերանս, որը կնպաստի փորձի փոխանակմանը և գործնական գիտելիքների բարելավմանը։

Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP) միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ֆլորանս Վեբերը, ներկայացնելով հիվանդանոցների ցանցի ծրագրերը, հիշեցրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 1988 թվականի երկրաշարժից հետո։

Անդրադառնալով Ֆրանսիայում վերապատրաստում անցնելու պայմաններին՝ Ֆլորանս Վեբերն ընդգծեց, որ հայ մասնագետների համար կարևոր է տիրապետել ֆրանսերենին, ունենալ Ֆրանսիայում ընդունելի համալսարանական դիպլոմ։

«Վերապատրաստումը տևելու է 6 ամսից 1 տարի։ Մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատանքի թույլտվություն։ Այսինքն՝ երիտասարդ հայ մասնագետները, որոնք կժամանեն Ֆրանսիա, կարող են լիովին ներգրավվել մասնագիտական թիմերում», - ավելացրեց նա։

Ամփոփելով եռօրյա հագեցած համաժողովի աշխատանքները՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ԵՊԲՀ ռեկտորի անունից շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի մասնագետներին արդյունավետ համագործակցության համար։ Ներկայացնելով համալսարանական ծրագրերը՝ պրոռեկտորն ընդգծեց, որ բժշկական բուհը կարող է համագործակցության հարթակ տրամադրել 3 ուղղությամբ՝ կլինիկական, կրթական և գիտական։

«Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մասնագետներն միմյանց հետ երկխոսելու գործնական հնարավորություններ ունենան՝ մասնավորապես ակտիվացնելով հետազոտական դաշտը, որտեղ առկա է մեծ ներուժ», - շեշտեց Կոնստանտին Ենկոյանը։

Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովն անցկացնեց ԵՊԲՀ-ում՝ հոկտեմբերի 13-15-ը։ Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ մնալով՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել էր հայ գործընկերներին՝ Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին