Կարևոր իրադարձություններ

Միջազգային ահաբեկիչները՝ Հայաստանի եւ Իրանի իրավապահների թիրախում. «Հայաստանի Հանրապետություն»

15 Հոկտեմբեր, 2021 09:46
Միջազգային ահաբեկիչները՝ Հայաստանի եւ Իրանի իրավապահների թիրախում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի քննարկած հիմնական հարցերից մեկը եղել է երկու պետությունների սահմանների հարեւանությամբ տեղակայված ջիհադիստական, ահաբեկչական կազմավորումների ներկայության խնդիրը: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային այլ երկրներից բերված ահաբեկիչների մասնակցության մասին հայկական երկու պետությունները հայտնել էին 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին: Հաջորդը դրա մասին բարձրաձայնեց Ֆրանսիան, այնուհետեւ փաստի մասին պարբերաբար սկսեցին խոսել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՌԴ ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները: Ահաբեկիչների առկայության փաստով էլ Իրանը հիմնավորեց Արցախի օկուպացված տարածքների հարեւանությամբ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը:

Իրանական կողմն արդեն բացահայտ, առանց դիվանագիտական շեշտադրումների իր սահմանների մոտ միջազգային ահաբեկիչների առկայության մասին սկսեց խոսել Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, երբ պարզվեց, որ դրանից հետո Ադրբեջան են տեղափոխվում «Ալ քաիդա» ահաբեկչական կազմակերպության թուրքամետ բջիջների գրոհայինները: Դրան զուգահեռ՝ Պակիստանը եւ Թուրքիան սկսեցին համատեղ զորավարժությունների շարք Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այս գործընթացներն ամբողջացնում եւ առարկայացնում էին այն ենթադրությունները, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում կուտակվող ահաբեկչական խմբավորումների եւ արդեն շաբաթական հաճախականությամբ ընթացող զորավարժությունների թիրախային նպատակը կարող է լինել Իրանը: Թեհրանի այդ կանխատեսումներն ամբողջացան իրանցի երկու վարորդի ձերբակալության փաստով:

Նախկինում կանխատեսել էինք, որ տարածաշրջանում ձեւավորված նման լարվածությունն այս փուլում չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի, քանի որ Թուրքիան դրան պատրաստ չէ: Բանն այն է, որ նրան չի հաջողվել լուծել Սիրիայում իր առաջադրած խնդիրները: Իրաքի քրդերի գործոնը նույնպես Թուրքիայից զգալի ռեսուրսներ է տանում: Այսօր Անկարան ստիպված է հայտարարել, որ նոր գործողություններ է սկսելու Սիրիայի հյուսիս-արեւելքը վերահսկող քրդական կազմավորումների դեմ: Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ձեւափոխված ազդեցության քարտեզը փաստում է, որ Ադրբեջանից այսօր ոչինչ կախված չէ: Վերջինս կատարում է միայն իր ավագ «եղբոր» հրահանգները…

Ակնհայտ է, որ այս փաստը տարածաշրջանում ստեղծվող լարվածության ժամանակավոր հանդարտեցում է, իսկ Արցախի օկուպացված տարածքներ տեղափոխված ահաբեկիչները դեռ այնտեղ են եւ շարունակվում են համալրվել: Պատահական չէ, որ պատերազմից մեկ տարի անց էլ մեկ միլիոն փախստական ունենալու մասին 30 տարի թմբկահարող Ադրբեջանը օկուպացված տարածքները դեռ չի վերաբնակեցրել: Դրանք աստիճանաբար վերածվում են ռազմական հարթակի, որն առաջին հերթին ուղղված է Հայաստանի, որտեղից թյուրքական պետությունները հակահարվածի սպասումներ եւ վախեր ունեն, այնուհետեւ՝ Իրանի եւ ՌԴ-ի դեմ: Այս իրավիճակում բավականին խոսուն փաստ է, որ Հայաստանի հրավերով 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազն առաջին անգամ այցելեց Երեւան եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ ընդլայնված կազմով բանակցություններ անցկացրեց:

Երկու պետությունների դատախազների հանդիպմանն առաջնային քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի մեխանիզմները, մասնավորապես՝ տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու հարցերը: Հանդիպման վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այդ հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը եւ փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձեւաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը: Մոթազերին էլ շեշտել է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության առկա սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարեւանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:

Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ահաբեկիչները պոտենցիալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի երկրների համար: Նրանք կարող են ներթափանցել ինչպես ՀՀ եւ Արցախի տարածքներ, այնպես էլ Իրան եւ ՌԴ: Դեռ արցախյան պատերազմի օրերին Սիրիայից տեղափոխված ջիհադիստները կարողացել էին հատել ՌԴ-ի հետ սահմանը եւ այդ երկրի խորքում ոչնչացվել էին հատուկ ծառայությունների կողմից: Լիովին օրինաչափ է, որ երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարների քննարկան հիմնական թեման պետք է լիներ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը, որը վաղուց արդեն մարդկության դեմ կանգնած գլոբալ հիմնահարց է եւ ակտիվորեն տեղափոխվում է Անդրկովկաս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին