Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. Վարչապետ (տեսանյութ)

14 Հոկտեմբեր, 2021 18:11
ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. Վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով:

Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր ելույթում, ողջունելով նիստի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին՝ այսօրվա հանդիպումը հեռավար կարգով կազմակերպելու համար:

Նախքան ելույթս սկսելը՝ ցանկանում եմ նաև ջերմորեն ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Հարգելի գործընկերներ,

Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին:

Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման: Թերևս դա էլ կանխորոշում է այս շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների ներդաշնակեցման գործընթացի բարդությունը, ինչը ենթադրում է երկրների՝ էներգետիկ ոլորտում տարբեր հնարավորությունների և շահերի հաշվի առնելը: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել ապագա համաձայնագրի համալրման հարցում էական առաջընթաց, ինչպես նաև քննարկման հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամության առկայություն, ինչը, հուսով ենք, թույլ կտա լուծել խնդիրը ողջամիտ ժամկետներում: Ելնում ենք նրանից, որ առաջադրված խնդիրների հաջող իրականացումից երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, ինչպես նաև՝ տնտեսական միությունը:

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների աշխատանքն առանց խոչընդոտների և սահմանափակումների, այդ թվում` առանց այն խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի՝ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտքի ազատությունը:

Այս ոլորտում գոյություն ունեցող պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ Միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ վստահության մակարդակը, այլև՝ մեր մրցունակությունն արտաքին շուկաներում: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները հայտնաբերելու և վերացնելու, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով գործարար համայնքների շահերը և Միության երկրների քաղաքացիների իրավունքները:
Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստի նաև խոչընդոտների նվազագույնի հասցմանը կամ ամբողջական վերացմանը:
Այսօրվա դրությամբ Միության ներքին շուկայի պաշտպանության հարցը արդիական է նաև երրորդ կողմից տնտեսական ճնշման արդյունքում առաջացած բացասական ազդեցության բացահայտման դեպքում: Այս համատեքստում արձագանքման միջոցառումների մշակումը կարևոր է ինչպես եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրման օրակարգում:

Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության` միջազգային իրավունքի հիման վրա ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման հարցում` հաշվի առնելով անդամ երկրների փորձը:

Համաշխարհային հանրության առջև ծառացած հարցերից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլ նաև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով, անհրաժեշտ է փոխգործակցություն` կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, «կանաչ վերականգնումն» առաջ մղելու և ցածր ածխածնային արտանետումներով տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար:

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Եվրասիական տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր փոխադրումների խթանմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքների նշանակությունը: ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է շրջակա միջավայրի անվտանգության և հանրային առողջության շահերից:

Համոզված եմ, որ դա կնպաստի նաև նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, ինչպես նաև գիտելիքահեն արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք ավտոարտադրողներ արդեն հայտարարել են մոտ ապագայում ամբողջությամբ էլեկտրական մեքենաների արտադրության անցման մասին, մեր երկրներում էլեկտրամոբիլների շուկայի թերզարգացումը հաստատապես կհանգեցնի տեխնոլոգիական հետամնացության և մրցունակության նվազման:

Այս առումով խնդրում եմ Հանձնաժողովին անդամ երկրների հետ միասին ամրապնդել այս ուղղությամբ աշխատանքը, այդ աշխատանքներում ավելի ակտիվորեն ներգրավել գործարար համայնքին և գիտական շրջանակներին:

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի հավատարմությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Դրանց թվում են եղել՝ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը, տնտեսության ոլորտին պանդեմիայի հասցրած հետևանքների հաղթահարումը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նավթի և գազի միասնական շուկաների ձևավորումը, կլիմայի փոփոխությունների խնդրի և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում փոխգործակցությունը:

Լրահոս

Դիտել ավելին