Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

14 Հոկտեմբեր, 2021 12:25
Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և  ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի  նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։

Նիստերի աշխատանքներին կմասնակցեն  նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ տարածաշրջանների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։

Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։

Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը: Նախատեսվում է քննարկել նաև ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և երկու երկրներում տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր, դրանց լուծումները։ 

Կլոր սեղանները կանցկացվեն հետևյալ է թեմաներով՝

•  «Եվրասիական գործընկերության շրջանակում Հայաստանի և  Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»

•  «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»

•  « Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»

• «ՀՀ և ՌԴ մարզեր․ կրթական և երիտասարդական համագործակցություն»

•  «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում»

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են կարևորել այս ֆորումների դերը՝ որպես երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։

 

Լրահոս

Դիտել ավելին