Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրի համար

14 Հոկտեմբեր, 2021 12:20
Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրի համար

Այսօր, հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցություն» ծրագրի համար: Այս ծրագրի շրջանակներում սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր  խոսքում նշեց, որ անցած տարի է ծրագիրն առաջին անգամ գործարկվել և արժանացել հավանության, ինչի պատճառով էլ որոշվեց այս տարի ևս առաջարկել ու իրագործել․ 

«Եթե միջինը 1.8 տ բերքատվություն կա սովորական բերքի ժամանակ, ապա այս բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունը ավելի քան 3 տ է: Մենք մոտավորապես նոյեմբերի վերջին արդեն կամփոփենք անցած տարվա ծրագրի տվյալները, բայց կարծում ենք, որ այն բավական հաջող է անցել: Գարնանացանը, հիշում եք՝ որոշակի բարդություններով անցավ, որովհետև սերմեր ներկրելու խնդիր ունեինք Լարսի փակ լինելու պատճառով: Այդտեղ մոտավորապես 3200 տոննայի կարգի ենք ունեցել ընդհանուր ծավալը: Այս տարի ակնկալում ենք, որ անցած աշնանացանից ավելի շատ կլինի»,- ասաց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շատ դեպքեր, երբ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություններ անելու պատճառով  բարձրորակ սերմացու ցանելու փոխարեն ուղղակի իրենց նախորդ բերքից ստացած կամ շուկայից սովորական ցորեն կամ հացահատիկ են վերցնում և ցանում, ինչը ի սկզբանե որևէ արդյունավետություն չի խոստանում․

«Մենք այս ծրագիրը ստեղծեցինք հետևյալ նկատառումով. մենք քաղաքացուն ասում ենք, որ, ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»,- իր խոսքում ասաց վարչապետը: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին