Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Դանակով զինված տղամարդը հարձակվել է բուժքույրերի վրա. ՔԿ

13 Հոկտեմբեր, 2021 10:56
Դանակով զինված տղամարդը հարձակվել է բուժքույրերի վրա. ՔԿ

2021թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ նրանց մոտ եղած գումարը և հեռախոսները, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ բուժքույրերից մեկը, բժիշկ կանչելու պատրվակով, ահազանգել է ոստիկանություն, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ վնասազերծել են առերևույթ հանցագործություն կատարած անձին, վերցրել դանակը և բերման ենթարկել նրան:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են բժշկական կենտրոնում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և դեպքի պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բուժքույրերը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Արթիկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին