Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,71
    6,95

Կարևոր իրադարձություններ

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ

12 Հոկտեմբեր, 2021 21:49
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.

«Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձավ երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսեց երկու ժողովուրդների ու երկրների միջև ձևավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին:

Իր հերթին Հայոց Հովվապետը հաստատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:

«Մեր ժողովուրդների և Եկեղեցիների բազմադարյա բարեկամությունն արտահայտվել է ինչպես ուրախության, այնպես էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով և միասին պայքարել մեր բարեկամության և եղբայրության անխախտ պահպանման համար: Եվ մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ դրա լավագույն վկայությունն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցությունը», - ընդգծեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունը հայտնեց Ռուս Եկեղեցուն և նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար:

Նորին Սրբությունը նաև հավելեց. «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:

Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Կիրիլ Պատրիարքին` ընդգծելով. «Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և Եկեղեցու հանդեպ»։

Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը նշեց. «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով:

Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:

Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին