Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

12 Հոկտեմբեր, 2021 20:52
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների շրջանակներում տեսազանգ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին, ընդգծել է, որ այնուամենայնիվ երկրում պահպանվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն, այդ թվում նաև՝ ԱՄՀ-ի հետ համագործակցության շնորհիվ: Փոխվարչապետը Ջիհադ Ազուրին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները և շեշտել, որ ԱՄՀ-ի հետ հաստատված «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրի ներքո իրականացվող միջոցառումները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը նախանշած հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին, ներդրումների գրավման տեսանկյունից կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը և պատվաստման գործընթացի ակտիվացման կարևորությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին