Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին. Ռուբինյան

12 Հոկտեմբեր, 2021 12:54
ԵԽԽՎ-ում Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին. Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ հայկական պատվիրակությունը վերջերս է վերադարձել Ստրասբուրգից՝ հերթական լիագումարի նստաշրջանին մասնակցելուց, սակայն ասուլիսը մի փոքր ուշ է տեղի ունենում, որովհետև նախորդ շաբաթ ԱԺ-ում հերթական նիստերն էին:

«ԵԽԽՎ հերթական նստաշրջանում մեզ համար հետաքրքրական 2 զեկույց է քննարկվել՝ առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր, որը Հայաստանում անցկացված ընտրությունները գնահատում էր մրցակցային և լավ կազմակերպված: Սա, ըստ էության, արդեն երկրորդ համապետական ընտրությունն էր Հայաստանում, որ բարձր գնահատականի է արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից, և երկրորդ՝ մեզ համար հետաքրքրական զեկույցը Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որը ամիսներ շարունակ պատրաստվում էր: Այդ զեկույցում տեղ են գտել գրեթե բոլոր այն մտահոգությունները, որ մենք ունենք և այն կետերը, որոնք կուզենք, որ այս զեկույցում լինեն: Մասնավորապես ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի ԵԽ անդամ լինելուց ստանձնած պարտավորությունների խախտում է, և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը: Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ և մասնակցությամբ Սիրիայի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին, հստակ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերին և այլ պահող անձանց՝ անկախ տարատեսակ հանգամանքներից կամ այն կարգավիճակից, որոնք այդ անձանց տրված են Ադրբեջանում: Խոսվում է նաև հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվում է Ադրբեջանում ծավալվող կեղծ «ալբանական» թեզի գոյությունը, ինչպես նաև անդրադարձ կա Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին: Սրանք հիմնական կետերն են, բայց բնականաբար շատ ավելի ծավալում զեկույց է»,- ասաց Ռուբինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին