Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով առցանց միջոցառմանը

11 Հոկտեմբեր, 2021 19:04
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով առցանց միջոցառմանը

ՀՀ առողջապահության նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը, մասնակցել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի կազմակերպած, Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված` «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով առցանց միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նախարարը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրով ողջունում եմ բոլորիդ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ։

Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հոգեկան առողջության ոլորտի կարևորությունը հանրային առողջության համատեքստում հիմնականում անտեսվել է, և, հետևաբար, բազմաթիվ քաղաքականություն մշակողներ և հանրային առողջապահության մասնագետներ իրենց ուշադրության կենտրոնում չեն պահել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևորությունը։ Այժմ եկել է ժամանակը արձանագրելու, որ տարածաշրջանի համար` ընդհանրապես, և Հայաստանի համար` հատկապես, կարևոր է անդրադառնալ հոգեկան առողջության խնդիրներին, որոնք հաճախ մեր բնակչության կյանքի որակի անկման և հաշմանդամության հիմնական պատճառն են:

Հոգեկան առողջությունը առավել կենսական նշանակություն է ձեռք բերում, երբ մարդիկ բախվում են արտակարգ իրավիճակների, ինչպիսիք են` COVID-19 համավարակը կամ զինված հակամարտությունները:

2020 թ. սեպտեմբերին սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով մենք ունեցանք զգալի թվով տեղահանված բնակչություն, զոհեր և վիրավորներ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների շրջանում: Այս ամենը, հիրավի, չէր կարող սթրեսի բարձր մակարդակ չառաջացնել բնակչության շրջանում: Այս ամենը զուգորդվում է COVID-19 -ով վարակման և մահացության դեպքերի հետ: Արտակարգ իրավիճակը լարվածության բարձր մակարդակ ավելացրեց հասարակության լայն շերտերի, այդ թվում` բուժաշխատողների վրա՝ մեծացնելով վերջիններիս հոգեսոցիալական աջակցության կարիքը և պատերազմից տուժած համայնքների բնակչության տոկունության բարձրացման անհրաժեշտությունը:

Գլոբալ առումով, հակամարտությունների հետևանքով տուժած տարածաշրջաններում հոգեկան առողջության խնդիրներն առավել ցայտուն են տարածված, քան կարող ենք պատկերացնել: Յուրաքանչյուր հինգերորդ մարդն ապրում է հոգեկան առողջության որևէ խնդրով ՝ թեթև դեպրեսիայից կամ տագնապային խանգարումից մինչև փսիխոզ: Ավելին, 10-ից մեկն ապրում է հոգեկան առողջության միջին կամ ծանր աստիճանի հոգեկան խնդրով. նրանք բոլորը բուժման և խնամքի կարիք ունեն:

Հոգեկան առողջության անկայուն վիճակը հաճախ խաթարում է մարդու աշխատունակությունը, ուստի հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը ոչ միայն հոգեկան առողջության բարելավմանն է ուղղված, այլև այն կարող է մարդու համար գոյատևման խնդիր լինել:

Այս տարի առիթ ունեցա ելույթներով հանդես գալու մի շարք բարձրաստիճան հանդիպումների, մասնավորապես`

• Աթենքում կայացած բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին,

• ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 71-րդ նստաշրջանին,

• Բելգիայում կայացած Բելգիայի Թագավորության Ն. Մ. Թագուհի Մաթիլդի մասնակցությամբ Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին։

Բոլոր հիշյալ հանդիպումներն առիթ ընձեռեցին ապացուցելու մեր շահագրգռվածությունը հոգեկան առողջության ոլորտի խնդիրները վեր հանելու, դրանց համապատասխան լուծում տալու հարցում` դասելով հոգեկան առողջությունը երկրի առողջապահական ոլորտի առաջնահերթությունների շարքին:

Այս կապակցությամբ ցանկանում եմ հայտնել նաև իմ պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի հոգեկան առողջության կոալիցիայի ստեղծմանը և նախագահելու այն։

Կարծում եմ, այսօրվա գիտաժողովը նաև լավ հարթակ կծառայի ճգնաժամային արձագանքումից զարգացման ուղին բռնելու և վերջինիս անկյունաքարերը հենց այսօր միասին դնելու համար։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել գիտաժողովի մասնակից ազգային և միջազգային կազմակերպություններին երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում մեր քաղաքացու կողքին լինելու և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու համար»։

Լրահոս

Դիտել ավելին