Կարևոր իրադարձություններ

Կներդրվի նոր՝ «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությունը

11 Հոկտեմբեր, 2021 17:33
Կներդրվի նոր՝ «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությունը

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնա­գիտա­կան կրթու­թյան մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը (Master of Legal Studies program) տարբեր երկրների առաջատար համալսարաններում գործող ծրագրերից է և նախատեսված այն մասնագետների համար, ովքեր իրավաբան չեն, սակայն ցանկանում են իրենց գիտելիքները խորացնել իրավունքի ոլորտում։

Նմանօրինակ ծրագրերի գլխավոր նպատակն իրավունքի որևէ ճյուղի հետ ուղղակիորեն փոխկապակցված մասնագիտություն կրողներին իրենց մասնագիտությանն առնչվող իրավական ասպեկտներին առավել խորը տիրապետելու հնարավորություն տալն է։ Այդ մասնագիտությունների շարքում կարելի է դասել, օրինակ՝ մեդիա ոլորտի աշխատողներին, մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերներին, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող անձանց։

Մի շարք հեղինակավոր համալսարանների կողմից իրականացվող իրավական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրերի հաջողված փորձը հաստատում է, որ հասարակական զարգացման ու առաջադիմության համար ավելի կայուն ու նպաստավոր գործոն է իրավական երևույթներն ու ինստիտուտները ոչ իրավաբանների կողմից ուսումնասիրելը։

«Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի» որակավորմամբ՝ ոչ իրավաբանների համար նախատեսված մագիստրոսական ծրագրեր առկա են, օրինակ, ԱՄՆ Վաշինգտոնի Սենթ Լուիզ համալսարանի, Շոտլանդիայի ամենամեծ և աշխարհի առաջատար համալսարանների ցանկում ներառված Եգինբուրգի և Գլազգոյի համալսարանների իրավունքի դպրոցներում: Մագիստրոսական ծրագրի հաջող ավարտի արդյունքում ուսանողները ստանում են հիմնարար և համալիր կրթություն՝ հանրային իրավունքի և առևտրային իրավունքի ոլորտների վերաբերյալ։

Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրերի շարքը բավականին մեծ է։ Ըստ էության, աշխարհի լավագույն համալսարանների իրավունքի դպրոցների մեծ մասը նմանատիպ ծրագրեր է առաջարկում։ Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության շրջանակում կարող է ներդնել «Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական կրթական ծրագիր՝ լրագրողների և հասարակական կապերի մասնագիտությունների ոլորտում անհրաժեշտ իրավական գիտելիքների այնպիսի կրթական վերջնարդյունքների ապահովմամբ, ինչպիսիք են՝ ուսանողների կողմից մեդիա հարաբերություններում մտավոր սեփականության, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը և միջազգային իրավական կարգավորումներին տիրապետելը, հայկական մամուլում առկա իրավական և սոցիոլոգիական խնդիրների և մարտահրավերների խորը հետազոտությունը, վերլուծությունը և սոցիալական ցանցերում մասնագիտական գործունեություն իրականացնելը կամ ԶԼՄ-ներում տեղեկատվություն օգտագործելը և տարածելը՝ առանց այլոց իրավունքները խախտելու և գնահատելով հնարավոր իրավական ռիսկերը։

 

Լրահոս

Դիտել ավելին