Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 10-ը մեր երկրորդ ծնունդն էր Հադրութում․ Դավիթ Սանասարյան

10 Հոկտեմբեր, 2021 17:41
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Հոկտեմբերի 10-ը մեր երկրորդ ծնունդն էր Հադրութում․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աչքերս բացեցի ու տեսա, որ մարտական ընկերներս ձայնային հաղորդագրությամբ ծնունդս են շնորհավորում, ես էլ իրենց շնորհավորեցի. հոկտեմբերի 10-ը մեր երկրորդ ծնունդն էր Հադրութում։

Ուղիղ մի տարի այս օրը Հադրութում վազում էինք օգնության հասնել զինկոմում տեղակայված տղերքին, երբ ճանապարհին թշնամուն հանդիպեցինք երկու մետրի վրա։ Կրակելով որովայնից ու ձեռքից վիրավորեց ընկերոջս՝ Արմանին, ու հենց նույն պահին գետնին պառկացրեցինք սպորտային համազգեստով դիվերսանտին։ Արմանին տարածքից դուրս բերելուց և հոսպիտալ ուղարկելուց հետո հասկացանք, որ գրեթե շրջափակման մեջ ենք։

Զանգեցի տուն, կնոջս խնդրեցի, որ տղաներիս լավ նայի ու հրաժեշտ տվեցի, իսկ դրան հաջորդեց մոտ 40-50 մետրի վրա փոխհրաձգությունը, որի ժամանակ ռազմական ոստիկան, հերոս Հակոբը զոհվեց, ով այդտեղ չպետք է լիներ, բայց ակամայից եկավ ու ինձնից մի վայրկյան շուտ գլուխը դուրս հանելով իմ կյանքը փրկեց՝ դիպուկահարի կրակն իր վրա վերցնելով։

Մղձավանջը, որի մեջ հայտնվել էինք, անպատասխանատու հրամանատարության սխալ հաշվարկների, անգործության և ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքն էր, իսկ եթե պարզվի, որ դիտավորյալ կազմակերպած հանձնեցին Հադրութը, որին չեմ ուզում հավատալ, բայց անտրամաբանության մեծ չափաբաժինն ասում է, որ կա հավանականություն, կազմակերպիչները դառնալու են իմ կյանքի թշնամիները։ Շատերը հարցնում են ինչպես թշնամին հասավ Շուշի, իմ պարզ պատասխանը մեկն է. պահեինք Հադրութը, փակ էինք պահելու բերդաքաղաք Շուշիի դարպասները։

Պատերազմի պարտության հանգամանքները պետք է ուսումնասիրվի մանրամասնորեն, և քանի որ ես ընդգրկվելու եմ ԱԺ համապատասխան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, վստահորեն կարող եմ ասել, որ ոչինչ չեմ խնայելու, որ հասկանանք թե ինչ, ինչու և ինչպես եղավ։
Հավե՛րժ փառք մեր նահատակներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին