Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորությունները

09 Հոկտեմբեր, 2021 14:00
ՏԿԵ նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարը։
 
Գնել Սանոսյանը շնորհակալության է հայտնել դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։
 
Կիշան Դան Դեվալը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և վստահեցրել, որ կներդրվեն բոլոր ջանքերն առկա համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ։ Այս մասին հայտում են ՏԿԵ նախարարությունից:
 
Դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով, և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
 
Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող ծրագրերին։
 
Նախարարն իր հերթին կարևորել է հնդկական կողմի հետ ակտիվ աշխատանքն ու հայ-հնդկական համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորություններին։
 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել տեղեկատվություն փոխանակել և քննարկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
 

Լրահոս

Դիտել ավելին