Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Պատերազմի փորձությունն առիթ էր ապացուցելու, որ մենք կարող ենք դիմակայել ամենածանր դժվարություններին. ՔԿ նախագահ (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2021 21:29
Պատերազմի փորձությունն առիթ էր ապացուցելու, որ մենք կարող ենք դիմակայել ամենածանր դժվարություններին. ՔԿ նախագահ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի խոսքը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում.

Մեծարգո՛ վարչապետ,

ՀՀ ՔԿ արժանապատի՛վ ծառայողներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս օրը պատեհ առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատելու կատարված աշխատանքը, ինչու ոչ՝ նաև անդրադարձ կատարելու բացթողումներին ու թերացումներին:

Այժմ, երբ հետադարձ հայացք ենք նետում 2020 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ընկած ժամանակահատվածին՝ ակամայից առերեսվում ենք պատերազմական ծանրագույն օրերի հետ: Պատերազմական  իրադարձությունների տրամաբանությամբ պայմանավորված՝ Կոմիտեի քննիչներն այդ  օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում աշխատել են աներևակայելի ծանրաբեռնվածության պայմաններում: Այդ ծանրաբեռնվածությունը շարունակվում է նաև այսօր, ինչը հետևանք է հարուցված քրեական գործերի մեծ թվի և դրանց նախաքննության կազմակերպման ու իրականացման առումով առկա օբյեկտիվ դժվարությունների: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների վարույթում հարուցվել և քննվել են 1558 քրեական գործեր՝ 12593 անձանց վերաբերյալ: Հիշյալ քրեական գործերով որպես մեղադրյալներ են ներգրավվել 724 անձինք, իրականացվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, հարցաքննվել են 15.000-ից ավելի անձինք։

Հարգելի՛ քննիչներ, չեմ կարող հատուկ չընդգծել այդ ընթացքում ձեր կատարած աշխատանքի կարևորությունը։ Պատերազմի փորձությունն առիթ էր ապացուցելու, որ մենք կարող ենք դիմակայել ամենածանր դժվարություններին։ Եվ դուք՝ ՀՀ ՔԿ քննիչներդ, ապացուցեցիք, որ ունակ եք այդ բարդագույն իրավիճակում անգամ քննչական գործողություններ կատարել հրետակոծվող քաղաքներում, սահմռկեցուցիչ պայմաններում Ձեր մասնակցությունն ունենալ մեր հավերժ հերոսների մարմինների հայտնաբերման, անհատականացման, դատաբժշկական փորձաքննությունների իրականացման գործընթացներում։ Ավելին, նաև զենքը ձեռքին, խրամատում մասնակցեցիք Հայրենիքի պաշտպանությանը։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներից, կամավորական հիմունքներով, զորակոչվել են 149 ծառայողներ. Կոմիտեի անձնակազմից կազմավորվել է հրաձգային գումարտակ, որը ՀՀ ԶՈՒ ԳՇ համապատասխան կարգադրության համաձայն՝ մասնակցել է Հայրենիքի սահմանների պաշտպանությանը։

Այժմ դուք քննում եք պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը։ Դուք ստանձնել եք այդ առաքելությունը՝ գիտակցելով, որ դա սոսկ ծառայություն, առավել ևս՝ աշխատանք չէ, այլ՝ անասելի պատասխանատվություն հասարակության և սերունդների առջև։ Լիարժեք նախաքննություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ներկայումս հիշյալ քրեական գործերը, նույնական հանցագործությունների և նման փաստական հանգամանքների հիմքով, միավորվել են ըստ պաշտպանական շրջանների և պատերազմի ընթացքում մշակված ու իրագործված ռազմական օպերացիաների, և դրանց նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը։ Մենք գիտակցում ենք, որ հանրությունն ակնկալիք ունի պատերազմում պարտություն կրելու պատճառների, պարտությանը նպաստած հանգամանքների և մեղավոր անձանց բացահայտման հարցում և մենք ի զորու ենք ապահովելու հիշյալ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։

Դրա հետ մեկտեղ Կոմիտեի հիշյալ վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին հարուցված քրեական  գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են հանդիսացել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, Արցախի մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, եկեղեցիները հարձակման օբյեկտ դարձնելու և հարձակման հետևանքով դրանց մեծ վնաս պատճառելու, հակառակորդի կողմից արգելված զինատեսակներ կիրառելու,  ինչպես նաև այլազգի վարձկանների և միջազգային  ահաբեկչական խմբավորումների ներգրավման, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Սիրիայի Արաբական Հանրապետության թվով 31 քաղաքացիների, այդ թվում՝ ագրեսիայի ակտում ներգրավված ահաբեկչական խմբավորումներից մեկի պարագլխին վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է միջազգային հետախուզում: Հիշյալ քրեական գործով որոշում է կայացվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 3788 անձի որպես տուժող ճանաչելու մասին: Քննություն է իրականացվում 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Քննության առարկա են դարձվել նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման բոլոր դեպքերը, որոնց ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի, այլ միջազգային կառույցների, տարբեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

Կարևոր է անդրադարձ կատարել նաև Հայաստանի Հանրապետությունում տիրող հետպատերազմական իրողություններին, երբ ողջ հանրությունը գտնվում էր հոգեբանական բարդ իրավիճակում և հասարակության մեջ, ատելության խոսք տարածելով, փորձեր էին արվում արհեստական հուզումներ առաջացնել։ Հետպատերազմական զարգացումների արդյունքում առաջ եկած ներքաղաքական լարվածությունը, երկրում հանիրավի գեներացվող ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը որոշակի դժվարություններ հարուցեցին պետական կառավարման և իրավապահ համակարգի, այդ թվում նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի բնականոն աշխատանքի ապահովման առումով: Հարգելի՛ քննիչներ, այդ պայմաներում ևս դուք ձեզ դրսևորեցիք որպես արհեստավարժ ծառայողներ՝ ցուցաբերելուվ կամք և զսպվածություն։ Քիչ չէին դեպքերը, երբ ձեզ թիրախավորեցին, հանիրավի պիտակավորեցին, սակայն դուք տուրք չտվեցիք այդ ամենին՝ շարունակելով անխոնջ ծառայել Հայրենիքին։ Չնայած նշված իրողություններին՝ իրավապահ համակարգի մեր գործընկերների հետ համատեղ կարողացանք պատվախնդրորեն հաղթահարել ստեղծված իրավիճակը, և ուժերի գերագույն լարումով ու բարձր կազմակերպվածությամբ կատարեցինք և շարունակում ենք կատարել մեր ծառայողական պարտականությունները։

Հարկ եմ համարում անդրադառնալ նաև 2021 թվականին տեղի ունեցած մեկ այլ կարևոր իրադարձության ևս՝  խոսքը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննչական կոմիտեի ստորաբաժանումները ծավալուն աշխատանք են կատարել նաև ընթացիկ տարվա հունիսի 20-ի համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացում արձանագրված հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման և հարուցված քրեական գործերով նախաքննության իրականացման ուղղությամբ:

Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական իրավախախտումների դեպքերով նախապատրաստվել են 177 նյութեր, որոնցից 23-ով հարուցվել են քրեական գործեր։

Եվ վերջապես անհրաժեշտ է անդրադառնալ այն հանգամանքին, որ նույնիսկ համավարակի պայմաններում ՔԿ-ն մեծածավալ քրեական գործերով ապահովել է պատշաճ նախաքննության իրականացում։ 2021թ. 1-ին կիսամյակում Կոմիտեի՝ քննություն իրականացնող ստորաբաժանումներն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Բավական է նշել, որ հանրապետությունում նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 93,3 %-ը քննվել է Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում: Համակարգի քննիչների կողմից քննված քրեական գործերի թիվը, նախորդ  հաշվետու ժամանակաշրջանի համեմատ, աճել է գրեթե մեկ երրորդով: 2021թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿ մարմինների վարույթում ընդհանուր առմամբ քննվել է 32814 քրեական գործ:

Մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման ուղղությամբ համակարգի մարմինների արձանագրած արդյունքներին հնարավոր է եղել հասնել համակարգի ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության, նվիրումի, համակարգի կոլեկտիվ ջանքերի՝ արդյունավետ մեկտեղման շնորհիվ: Այսօր էլ Կոմիտեի գործունեության արդյունավետության հիմնական գրավականը շարունակում են մնալ արհեստավարժ ու բարձր պատասխանատվությամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարող քննիչները: Շարունակելու ենք համակարգը նման որակներով օժտված բարձրակարգ կադրերով համալրելու քաղաքականությունը՝ կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանության սկզբունքները: Հետևողական քայլերով հասնելու ենք քննիչի դատավարական ինքնուրույնության և անկախության լիարժեք ապահովմանը, քննիչի կողմից իր բարդ աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Միաժամանակ, հետևողական ենք լինելու մեր շարքերի անաղարտությունն ապահովելու, տարիների ընթացքում ձեռք բերած հաջողությունները բազմապատկելու հարցում, ինչի կապակցությամբ ցանկանում եմ հիշեցնել, որ Կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջների նշաձողը շարունակում է մնալ բարձր, պահանջները՝ խիստ, և որևէ մեկի կողմից իր կոչմանն անհարիր արարք կատարելը չի մնալու անարձագանք:

Գիտակցելով քննիչի մասնագիտության կարևորությունը՝ համակարգի յուրաքանչյուր ծառայող իր ամենօրյա պարտականությունները պետք է կատարի՝ մերժելով իր գործելաոճի հանրային ընկալման առումով անընդունելի դրսևորումները, հիմնվելով համակարգի լավագույն ավանդույթների վրա: Հպարտանալու ենք այն քննիչներով, ովքեր համարժեք են ընկալում այս իրողությունները, որոնց համար օրենքին անմնացորդ ծառայելը, գործին նվիրվածությունը և պետական մտածողությունը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ՝ ամենօրյա աշխատանքի ուղենիշներ:

Մեծարգո՛ վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ արձանագրել, որ քննչական կոմիտեն հաստատապես կանգնած է մեր երկրում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորման դիրքերում: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության Վարչապետը նույն այս սրահում հնչեցրեց մի միտք, որ Քննչական կոմիտեից ակնկալում է ավելի արդյունավետ ու վճռական գործողություններ և մենք հետևողական ջանքեր պետք է գործադրենք ակնկալվող այդ արդյունքին լիարժեքորեն հասնելու համար:

Հավաստիացնում եմ, որ ունենք բավարար ներուժ մեր լիազորություններն անկաշկանդ իրականացնելու համար և լի ենք վճռականությամբ հետևողական քայլեր ձեռնարկելու մինչդատական քրեական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հարգելի՛ քննիչներ, պատիվ ունեմ Հայրենիքի համար այս կարևոր ու վճռորոշ ժամանակահատվածում ձեր կողքին ծառայել։ Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, և թո՛ղ Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր պետականությանը և ՀՀ քննչական կոմիտեին։

Լրահոս

Դիտել ավելին