Կարևոր իրադարձություններ

ՏԿԵՆ-ը և «Ռոսատոմը» քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

08 Հոկտեմբեր, 2021 11:44
ՏԿԵՆ-ը և «Ռոսատոմը» քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Ռոսատոմ-միջազգային ցանց» արդյունաբերական համալիրի նախագահ Վադիմ Տիտովին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծեր, մասնավորապես՝ էներգիայի պահեստավորման ժամանակակից համակարգերի միջոցով կարևոր ենթակառուցվածքների անխափան սնուցման ապահովման, արդիականացման մեջ սեյսմիկ ակտիվ շրջանների համար կոմպոզիտային նյութերի, մասնավորապես՝ ածխածնի մանրաթելերի օգտագործման միջոցով, ենթակառուցվածքային օբյեկտների, կենցաղային, բժշկական և արդյունաբերական թափոնների կուտակման խնդիրների լուծում, նաև առաջարկներ են ներկայացվել՝ բարձրացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը՝ անհատական համակարգերի թվայնացման, քաղաքային տրանսպորտի աշխատանքի օպտիմալացման, էլեկտրատրանսպորտի զարգացման և այլնի միջոցով:

Խոսելով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների մասին՝ «Ռոսատոմ» միջազգային ցանցի արդյունաբերական համալիրի նախագահ Վադիմ Տիտովը նշել է. «Մենք պատրաստ ենք Հայաստանին առաջարկել ենթակառուցվածքների զարգացման տեխնոլոգիական ամենաժամանակակից լուծումներ: Այսօր ներկայացվում են համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին, և որոնցում «Ռոսատոմը» և նրա կազմակերպություններն ունեն նորարարական և արտադրական ամենամեծ ներուժը: Փոխօգնության, վստահության և բարեկամության ավանդույթները խթանում են Ռուսաստանի և Հայաստանի միջև ներկայիս հարաբերությունների առաջընթացը և մեր երկարաժամկետ նախագիծը, որը տևում է ավելի քան 5 տարի՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը, արդեն վերջնական փուլում է, և դրա հաջող իրականացումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրների միջև արդյունավետ փոխհամագործակցությունը»։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս բարձր է գնահատել «Ռուսատոմի» հետ համագործակցությունը․ «Ընդգծելով մեր երկարամյա շատ կարևոր համակարգային համագործակցությունն ատոմային էներգետիկայի և ընդհանրապես էներգետիկայի բնագավառում՝ ուրախությամբ արձանագրում ենք, որ «Ռոսատոմի» ներկայացրած մյուս տարբեր ուղղությունները նույնպես հետաքրքիր են Հայաստանի համար՝ հետագա զարգացման առումով։ Հատկապես որ այդ ուղղություններից մի ամբողջ շարք վերաբերում են տարածքներին և համայնքային խնդիրներին։ Մանավորապես՝ կոշտ կենցաղայաին թափոնների վերամշակման ուղղությունը, «խելացի քաղաք» գաղափարախոսության ուղղությունը, կոմպոզիտային նյութերի արտադրության և կիրառման ուղղությունը, ինչպես նաև էներգետիկայի այլ բնագավառներ, որոնք կարող են էապես օժանդակել այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը Հայաստանում»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են, որ առաջարկվող ուղղությունները համապատասխանում են Հայաստանում էներգետիկայի, ջրային տնտեսության, քաղաքաշինության զարգացման ռազմավարություններին, և համագործակցությունը կզարգանա կոնկրետ նախագծերի հիման վրա՝ ներդրումների և ֆինանսական ռեսուրսների հնարավոր ներգրավմամբ:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում ROSATOM- ի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պռոշկինը, ROSATOM-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գորնը:

 

Լրահոս

Դիտել ավելին