Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2021 11:31
Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Անդրադառնալով պետական այցի նշանակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ համավարակից հետո՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Իտալիան առաջին անգամ է պետական այցով նախագահի ընդունում։ 

«Ես հպարտ եմ դրա համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ձեզ, մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին։ Բացի անձնական հարաբերությունից, բացի բարեկամությունից կա նաև սկզբունքային հարց՝ Իտալիայի պետության ու, մասնավորապես, նախագահ Մատարելլայի վերաբերմունքը մեր ժողովրդին, մեր պետությանն ու պետականությանը»,- ասել է Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ համավարակի ժամանակ, երբ Իտալիան ծանր իրավիճակում էր, մշտապես կապի մեջ է եղել նախագահ Մատարելլայի հետ՝ փորձելով հնարավորինս աջակցել. 

«Բարեկամի նույնիսկ փոքր խոսքը, անհանգստությունը գնահատվում և հիշվում է։ Ճիշտ նույն ձևով, երբ մենք անցած տարի բախվեցինք մեր արհավիրքին՝ պատերազմին, ես Իտալիայի նախագահի աջակցությունն ու խոսքը ստացա»։

Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ նախագահ Սարգսյանը խոր ցավ է հայտնել հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի համար. 

«Անցյալ տարի շատ դժվար տարի էր՝ շատ երիտասարդ կյանքեր կորցրեցինք։ Սկզբունքորեն մենք կարող ենք և՛ հաղթել, և՛,ցավոք, պարտվել։ Երկու դեպքում էլ կասկած չկա, որ բոլորը, ովքեր պայքարում էին, հայրենանվեր էին, չէին խնայում կյանքը հայրենիքի համար։ 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հնարավորությունները, բնական ռեսուրսները, կառուցեց ժամանակակից բանակ՝ օգտվելով Թուրքիայի ուղղակի աջակցությունից։ Հարցը քաջության, մարտիկների նվիրվածության մեջ չէր։ Այո, սա շատ մեծ դժբախտություն է, որի հետևանքները մինչև օրս կան՝ գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։ Իտալիայում իմ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրեցի մեզ հուզող բոլոր դժվարին հարցերը՝ սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցերը։ Խնդրեցի իտալական կողմի աջակցությունը»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել մեր ժողովրդի ողջ հավաքական ուժը, այդ թվում՝ Սփյուռքի ներուժը։

 

Լրահոս

Դիտել ավելին