Կարևոր իրադարձություններ

Մենք բոլորս՝ մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք. ՀՀ ԿԳՄՍՆ նախարար

07 Հոկտեմբեր, 2021 18:48
Մենք բոլորս՝ մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք. ՀՀ ԿԳՄՍՆ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների մանկավարժներ:

Շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նրանց շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

 «Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր պետության անվտանգությունը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը հստակ և նպատակային են լինում: Հենց այս պատճառով ես երկրի անվտանգության հիմքը համարում եմ կրթությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթության բովանդակությանը:

Նախարարի խոսքով՝ ուսուցիչներն իրենց աշխատանքով ապացուցել են, որ արժանի են գնահատանքի. «Մեր նպատակն է, որ Հայաստանի բազմահազարանոց ուսուցչական համակազմը լինի մրցունակ, հասարակության կողմից ընկալվի որպես ազգային և պետական առաքելություն իրականացնող անհատականություն: Համոզված եղե՛ք, որ պետության կողմից արվում և արվելու է առավելագույնը` արժևորելու և գնահատելու ուսուցչի աշխատանքը»:

Միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներ են հանձնվել Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոցին», «Երևանի թիվ 78 հիմնական դպրոցին», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցին», «Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցին», «Երևանի թիվ 150 հիմնական դպրոցին», «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջին», Արարատի մարզի «Վեդու թիվ 1 հիմնական դպրոցին» և Արցախի Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցին, որոնք պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի հրամանով: Նշված դպրոցները ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել Արցախի հերոսներ՝ Դավիթ Գրիգորյանի, Էդգար Մարկոսյանի, Յուրա Ալավերդյանի, Դավիթ Ղազարյանի /հետմահու/ և Սերգեյ Շաքարյանի մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու և հանուն հայրենիքի անձնազոհության որակներ և արժեքային համակարգ ձևավորելու համար: 2020 թվականի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այդ պարգևները հանձնվել են այս տարի:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հրավիրված միջոցառման ժամանակ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով են խրախուսվել հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների մի շարք մանկավարժներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին