Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ բանակցությունների մասին

06 Հոկտեմբեր, 2021 20:58
Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ բանակցությունների մասին

Այսօր Աժ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայանի կառուցման բանակցությունների մասին՝ անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի հնչեցրած հարցին:

Վարչապետը մասնավորապես նշել է.

«Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է: Ես հույս ունեմ, որ այդ մասնաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը:

...«Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այժմ կառավարության խնդիրն է, որ նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսվի մինչև  թվականը, և լավ կլինի, որ ատոմակայանի շինարարությունը տեղի ունենա դրան զուգահեռ, և պղնձաձուլարանն ու ատոմակայանը զուգահեռ սկսեն շահագործվել:

 

Լրահոս

Դիտել ավելին