Կարևոր իրադարձություններ

Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև. Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ (տեսանյութ)

06 Հոկտեմբեր, 2021 19:39
Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև. Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ (տեսանյութ)

Պետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:

Իր և Սենատի անունից բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Մարիա Կազելատին ևս մեկ անգամ գոհունակությամբ է նշել այն ամուր կապերը, որ գոյություն ունեն երկու երկրների միջև: Նա ասել է, որ 2018թ. Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան և այսօր Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա մեծ խթան են երկու երկրների համագործակցության համար: Մշակույթը համարելով երկկողմ փոխգործակցության էական բաղադրիչ՝ նա կարևորել է Երևանում 2018թ. բացված՝ Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը:

Համաձայնելով, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում պատմական և մշակութային կապերն են, Հայաստանի նախագահը ասել է, որ մեր ժողովուրդները հազարամյակների պատմական առնչություններ ունեն, իսկ վերջին երկու հազար տարիներին՝ նաև համատեղ քրիստոնեական պատմություն: «Մենք ժողովուրդներ ենք, որոնք մշակույթը, գիտելիքը, արվեստը միշտ շատ բարձր են գնահատել»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների կարևոր դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման գործում: «Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանայի զարգացումների և խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում նշել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին և կոչերին, Ադրբեջանն առ այսօր շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ուղղություններին և հեռանկարներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին