Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

06 Հոկտեմբեր, 2021 17:23
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ և արդյունավետ աշխատանքի՝ հատկապես սահմանամերձ համայնքներ նրա այցելությունների և հստակ դիրքորոշման համար։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է։ Լին Թրեյսին նշել է, որ մտադիր է իր ակտիվությունը շարունակել, նորից այցելել սահմանամերձ համայնքներ։ Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել հարցերի այն լայն շրջանակի շուրջ, որոնք կարևոր են Հայաստանի, հայ ժողովրդի ապագայի, ավելի խաղաղ պայմաններում ապրելու համար։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ինչպես էներգետիկ, հանքաարդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր, այնպես էլ ԱԷԿ-ի շահագործման ժամկետների ավարտից հետո նոր ատոմակայան կառուցելու հարցը։

ԱՄՆ դեսպանը ընդգծել է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի կարևորությունը, ամերիկյան ներդրումների ներգրավումը Հայաստանում։ Միևնույն ժամանակ դեսպանը կարևորել է ներդրումների համար թափանցիկ միջավայրի, հավասար մրցակցային պայմանների առկայությունը։
Նախարարը ևս կարևորել է Հայաստանում գործարար միջավայրում ամերիկյան ներդրողների ներկայության մեծացումը՝ ընդգծելով, որ առկա պոտենցիալի շատ փոքր մասն է օգտագործվում։ Նախարարը նշել է, որ տարբեր օրենսդրական բարեփոխումներով փորձ է արվում բարելավել ներդրումային միջավայրը, որպեսզի բոլոր ներդրողները ունենան հավասար մրցակցային պայմաններ։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այդ օժանդակությունը առաջիկայում ևս կշարունակվի։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) առաքելության ղեկավար Ջոն Ալլելոն ընդգծել է, որ մտադիր են երկարաձգել առկա համաձայնագրի ժամկետները և դրա շրջանակներում սահմանամերձ 8 համայնքներ՝ որպես շահառու կներգրավվեն նոր ծրագրում։ Ծրագիրը 2022 թվականի հոկտեմբերից կշարունակվի մինչև 2026 թվականի հոկտեմբերը։

 

Լրահոս

Դիտել ավելին