Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն ուղերձ է հղել

06 Հոկտեմբեր, 2021 15:27
Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն ուղերձ է հղել

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, որտեղ ժամանել եմ ս/թ սեպտեմբերի 24-ին։ Իմ հավատարմագրերը սեպտեմբերի 30-ին հանձնել եմ նախագահ Սարգսյանին, ինչն ինձ ՀՀ իշխանությունների մոտ լիակատար մուտքի հնարավորություն է ընձեռում՝ էլ ավելի խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանելու ձեր շահերը և սատարելու ձեր նախաձեռնությունները, որոնք նպաստում են մեր հարաբերությունների կենսունակությանն ու բազմազանությանը։ Մեր երկու երկրների միջև բարեկամությունն ամրանում է հատկապես մեր հայրենակիցների գործողությամբ, որոնք անձնապես կամ մասնագիտորեն սերտորեն կապված են Հայաստանի հետ։

Քաջատեղյակ եմ, որ Հայաստանում ֆրանսիական համայնքը մեծապես տուժել է առողջապահական ճգնաժամից և նախորդ տարի երկիրը պատուհասած ողբերգական իրադարձություններից։ Դեսպանությունը մոբիլիզացվել է՝ աջակցելու ձեզ իր տրամադրության տակ եղած գործիքակազմով՝ սոցիալական օժանդակություն, աջակցություն դժվարին կացության մեջ հայտնված ֆրանսիացիներին, կրթաթոշակներ։ Ես կշարունակեմ, հյուպատոսի հետ մեկտեղ, ականջալուր լինել ձեզ՝ օգնելու ձեզ դիմագրավել ճգնաժամի հետևանքներին և իրազեկելու հատուկ ձեռնարկվելիք քայլերի մասին՝ օրինակ Ֆրանսիայի կողմից պատվաստանյութերի ճանաչում։

Ձեր մտահոգություններին և ակնկալիքներին լավագույնս ծանոթանալու համար, ուրախ կլինեի տեսնվել ձեզ հետ առցանց հանդիպման ընթացքում։ Ֆրանսիայի հյուպատոսն առաջիկայում կկապնվի ձեզ հետ այդ հանդիպումը կազմակերպելու համար։

Գալիք հանդիպմանն ընդառաջ, հիշեցնեմ այն հարցերը, որոնց շուրջ Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական բաժնի անձնակազմն ամեն օր աշխատում է ֆրանսիական համայնքի կամ Հայաստան այցելած մեր հայրենակիցների հետ՝ ՔԿԱԳ ձևակերպումներ, անձը հաստատող փաստաթղթեր, ճամփորդական փաստաթղթեր, կրթաթոշակներ, սոցիալական օժանդակություն, ճգնաժամերի կառավարման նախապատրաստում։ Բոլոր նրանց, ովքեր դեռևս չեն գրանցվել, հորդորում եմ գրանցվել Ֆրանսիայից դուրս բնակություն հաստատած ֆրանսիացիների գրանցամատյանում, ինչը մեծապես կդյուրացնի ձեր գործողությունները և հյուպատոսական պաշտպանության իրականացումը։

Հիշեցնեմ նաև 2022թ. նախատեսվող ընտրությունների մասին։ Նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար կբացվի ընտրատեղամաս։ Եթե դեռ գրանցված չեք, կոչ եմ անում գրանցվել ընտրացուցակներում, որպեսզի կատարեք ձեր քաղաքացիական պարտքը։

Եվ վերջապես, Ֆրանսիայի դեսպանությունը մեծագույն կարևորություն է տալիս Հայաստանում ձեր հյուրընկալման պայմաններին։ Մեր կայքը պարբերաբար թարմացվում է՝ ձեզ համար ապահովելու տեղեկատվության արագ հասանելիությունը, իսկ կասկածի կամ առանձնահատուկ դժվարության պարագայում, հյուպատոսական բաժինը պատասխանում է ձեզ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով։ Ինչ վերաբերում է ձեր երեխաների կրթությանը, ես հատկապես հետևողական կլինեմ ֆրանսիական կրթահամալիրի պատշաճ գործունեությանը, որի նորանշանակ տնօրենը բոլորովին վերջերս է ստանձնել իր պաշտոնը։

Ձեզ հետ առաջիկայում հանդիպելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ ողջույնները»։

Լրահոս

Դիտել ավելին