Կարևոր իրադարձություններ

Երկու երկրների խորհրդարանների գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

06 Հոկտեմբեր, 2021 15:05
Երկու երկրների խորհրդարանների գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին և ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության և փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը:

Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն օղակներից է համարել՝ փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են և ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ: Կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորման աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի  դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին