Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը

06 Հոկտեմբեր, 2021 13:29
Մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, կայացավ պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի, զինվորական նվագախմբի, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորների մասնակցությամբ։ Արմեն Սարգսյանին դիմավորեց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան։ Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը հնչելուց հետո Քուիրինալե պալատի վրա բարձրացվեց ՀՀ պետական դրոշը։

Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և  Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։

Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն,  ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը և այլք։

Հանդիպման առանցքում երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են:

Նախագահները հանդիպումից հետ հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին