Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային այցով Երևանում է ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը

06 Հոկտեմբեր, 2021 11:22
Աշխատանքային այցով Երևանում է ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը

Հոկտեմբերի 4-ից 6-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը։

Նշենք, որ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի հիմնադիրներից և անդամներից է։ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նպատակն է նպաստել ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանը, աջակցել ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների ներուժին, կադրերի պատրաստմանը։

Կազմակերպությունն աջակցում է նաև ԱՊՀ երկրների կառավարություններին ճանապարհային քաղաքականության մշակման, իրականացման հարցերում։

ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ՝ քննարկելով ճանապարհաշինության ոլորտին առնչվող բազմավեկտոր հարցեր։

Բուրի Կարիմովը, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստան է ժամանել փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի հրավերով, որպեսզի իրականացնի խորհրդատվություն, գործուն աջակցություն ցուցաբերի ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների, աշխատանքային նոր մեթոդների ներդրման գործում։

Պարոն Կարիմովը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներ, որտեղ կատարվել են նորոգման և անվտանգության բարելավման աշխատանքներ։ ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը այցելությունների ընթացքում, դիտարկելով իրականացված աշխատանքները, իր նկատառումներն ու խորհուրդներն է ներկայացրել ճանապարհաշինարարներին, տեխհսկողություն կատարող կազմակերպությունների ներկայացուցիչներին։

 

Լրահոս

Դիտել ավելին