Կարևոր իրադարձություններ

Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ

06 Հոկտեմբեր, 2021 10:55
Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ

Այսօր տկն․ Նատիա Նացվլիշվիլին, որպես Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ, իր հավատարմագրերը հանձնեց Ն․Գ․ ՀՀ արտաքին գործերի նախարար պրն․ Արարատ Միրզոյանին։

«Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է: ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հետ: Ինչպես և անցած 28 տարիների ընթացքում, մենք այստեղ ենք՝ աջակցելու մարդկանց, առաջին հերթին  ամենախոցելիներին, ինչպիսիք են կանայք և երիտասարդները, գործազուրկները, գյուղական և քաղաքային աղքատները, տարեցներն ու հաշմանդամները»,- ասել է նորանշանակ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:

Տկն․ Նացվլիշվիլին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնել է 2021թ․ սեպտեմբերի 22-ին։ 

Մինչև Հայաստան ժամանելը, տկն․ Նացվլիշվիլին եղել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԶԾ Թուրքմենստանի գրասենյակում։ Նա ամրապնդել է ՄԱԶԾ-ի դիրքը որպես կառավարության և զարգացման այլ գործակալությունների համար նախընտրելի գործընկեր, ինչպես նաև նպաստել է գրասենյակի պորտֆելի կրկնապատկմանը՝ ինչպես ծավալի, այնպես էլ բազմազանության առումով։

Մինչ այդ Նատիա Նացվլիշվիլին աշխատել է ՄԱԶԾ Վրաստանի գրասենյակում որպես մշտական ներկայացուցչի օգնական, ծրագրերի ղեկավար, ինչպես նաև կառավարման թիմի ղեկավար (2017-2018թթ․)։

Նախքան ՄԱԶԾ-ին միանալը, տկն․ Նատիա Նացվլիշվիլին աշխատել է որպես տնտեսագետ Արժույթի միջազգային հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակում, ԵԱՀԿ Վրաստանի առաքելությունում և Վրաստանի ազգային բանկում։ Նա ունի հարուստ ակադեմիական փորձ՝ 2002-2010թթ․ դասավանդել է Վրաստանի տարբեր առաջատար համալսարաններում:

Տկն․ Նատիա Նացվլիշվիլին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը հանրային քաղաքականության մագիստրոսի կոչմամբ (2002թ․), ինչպես նաև Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչմամբ (2000թ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին