Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել

05 Հոկտեմբեր, 2021 18:56
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել,որում մանավորապես ասվում է.

«ՀՅ Դաշնակցության Բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետության հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին։ 

  Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրածովքից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային հատվածում։ Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում միջէթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել  է Հարավային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրությունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարակումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ  Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։ 

ՀՅ Դաշնակցությունն իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների  ճանապարհով  շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ»։

Լրահոս

Դիտել ավելին