Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավարին

05 Հոկտեմբեր, 2021 16:25
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավարին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն ընդունել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վ․Կովալյովին և ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ն․ Գրիգորյանին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Հ․ Մարտիկյանը և Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։
Նախարարի տեղակալը ողջունել է գործընկերներին և նշել, որ նրանց կատարած այցը համընկել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների փուլին և Գերմանիայի Բնության Պահպանության Միության հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Ա․ Մազմանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և հակիրճ խոսել արդեն իսկ մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներից, խոսել նախարարության կողմից իրականացվող ծրագրերից, որոնք միտված են բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում բնության վրա մարդածին ճնշումը նվազեցնելուն։

Պարոն Կովալյովն ուրախությամբ փաստել է, որ նախարարության և Գերմանիայի Բնության Պահպանության Միության առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում համընկնում են և կողմերը կարող են միավորել ջանքերն այդ ուղղությամբ։

Ներկայացնելով ընթացող բարեփոխումների գործընթացները՝ նախարարի տեղակալը կարևորել է սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ տարվող աշխատանքները, ներկայացրել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է, և շուտով կմեկնարկեն դրանք չեզոքացնելու գործընթացները։

Անդրադարձ է կատարվել նաև մեկ այլ բնապահպանական խնդրի, պարոն Կովալյովը ներկայացրել է, որ Գերմանիայում հաջողությամբ կիրառվում է էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել փորձի փոխանակման հնարավորությունները։

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել ոլորտի կայուն կառավարման և զարգացման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին