Կարևոր իրադարձություններ

Պատերազմում զոհվել են 14 ուսուցիչներ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից․ Արցախի ՄԻՊ

05 Հոկտեմբեր, 2021 13:59
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Պատերազմում զոհվել են 14 ուսուցիչներ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մեր առջև գիտելիքի և լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների մասնագիտական տոնն է։ Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը, գիտության առաջամարտիկն ու պարզապես մարդը։

Հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցիչների և կրթական համակարգի աշխատողների միջազգային օր, լավագույն առիթն է նորից բարձրաձայնելու համակարգում աշխատող անձանց իրավունքների, կրթության կազմակերպման գործում նրանց անգնահատելի դերի և նրանց նկատմամբ պետության և հանրության ամենաբարձր հարգանքի և ուշադրության խիստ անհրաժեշտության մասին։

Ցավոք, մեզ պատուհասած պատերազմն իր բացասական հետևանքներն է ունեցել մեր ուսուցիչների մասնագիտական աշխատանքի բնականոն կազմակերպման վրա։ Պատերազմում զոհվել են 14 ուսուցիչներ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից, իրենց սաներին բնականոն և խաղաղ պայմաններում դաստիարակելու հնարավորությունից։ Պատերազմի հետևանքով մի շարք դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվում է գերհագեցած դասարաններով՝ ուսուցիչներից պահանջելով հավելյալ ջանքեր՝ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար։

Այնուամենայնիվ ուսուցիչն իր առաքելության նկատմամբ նվիրվածությունը վերստին ապացուցել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար ուսուցման շատ հաճախ խորթ հմտությունները յուրացնելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածի հոգեբանական ծանր պայմաններում կրթական գործընթացը շարունակելու վճռականությամբ։

Ներդրված ջանքերի համար ուսուցիչները պետության և հասարակության կողմից պետք է արժանանան ամենամեծ հարգանքին ու գնահատմանը, ինչի մասին այսօր մեծ վերապահումներով կարող ենք խոսել, քանի դեռ ուսուցչի սոցիալական պաշտպանության գործուն մեխանիզմների և կատարած մեծագույն առաքելության համար պատշաճ վարձատրության ներդրման կարիք կա։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և հավերժ շնորհակալ եմ մեր կյանքում ձեր կատարած նշանակալի առաքելության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին