Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ն հյուրընկալել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին (տեսանյութ)

04 Հոկտեմբեր, 2021 21:56
ԵՊՀ-ն հյուրընկալել է  ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: ԵՊՀ-ում նրա հետ հանդիպում է կազմակերպվել: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքից:

Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԱԳՆ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, իր աշխատասենյակում ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս, ողջունելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին, ուրախությամբ նշեց, որ մեծ պատիվ է համալսարանում հյուրընկալել նրան:

Հ. Հովհաննիսյանը և տիկին Մուշիկիվաբոն հանդիպման ընթացքում խոսեցին Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներով: Նրանք քննարկեցին նաև կազմակերպության և Հայաստանի, մասնավորապես ԵՊՀ-ի համագործակցության ուղիներն ու դրանց զարգացման հեռանկարները:

Այնուհետև արդեն ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման սկզբում Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ ձեռք է բերել 2012 թվականին, իսկ 3 տարի առաջ էլ Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղար:

Հ. Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի 2021 թ. սեպտեմբերի 30-ի նիստում որոշում է կայացվել հասարակական և քաղաքական ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների և Հայաստանի Հանրապետության ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհել «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչումը:

Լուիզ Մուշիկիվաբոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ մինչ կազմակերպության գլխավոր քարտուղար դառնալը զգայական առումով կապված է եղել Հայաստանի հետ. «Մեր երկրները, որոնց բաժանում են պատմություն, լեռներ ու ծովեր, ճակատագրով կապված են իրար հետ: Այն, ինչ կատարվել է մեր ժողովուրդների հետ, կապում է մեզ»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին