Կարևոր իրադարձություններ

Աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ գործատուին թեստավորման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը բացակայում է. ԱՆ-ն պատասխանել է փաստաբանի հարցմանը

04 Հոկտեմբեր, 2021 15:24
Աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ գործատուին թեստավորման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը բացակայում է. ԱՆ-ն պատասխանել է փաստաբանի հարցմանը

 Փաստաբան Նարինե Սարգսյանը Shabat.am լրատվական կայքին է տրամադրել ՀՀ Առողջապահության նախարարությանն ուղղված հարցումը՝ «ՀՀ Առողջապահության նախարարի 04.08.2020թ. թիվ 17-Ն և 18.09.2020թ. թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Առողջապահության նախարարի 20.08.2021թ. N 65-Ն հրամանի վերաբերյալ, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում աշխատող քաղաքացիների՝  14 օրը մեկ պարտադիր թեստավորման բացասական պատասխան կամ պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջը գործատուին:

Կից ներկայացնում ենք հարցումը և նախարարության պաշտոնական պարզաբանումը:

Հարց 1

Օտարերկրացի աշխատողի՝ այլ երկրում պատվաստված և համապատասխան փաստը հաստատող փաստաթուղթն (հավաստագիրն) այլ երկրում ստացած լինելու դեպքում՝ այդ փաստաթուղթը կարո՞ղ է արդյոք ներկայացվել գործատուին ի կատարումն ԱՆ N 65-ն հրամանի, թե՝ ոչ:

Պատասխան

Ոչ հրամանով, ոչ էլ փոփոխություններով պատվաստումը հավաստող այլ պետության կողմից տրված փաստաթղթի մասով որևէ առանձահատուկ կարգավորում սահմանված չէ, ավելին՝ հրամանով հստակ հղում է տրվում Առողջապահության նախարարի 2021թվականաի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանին, և սահմանվում է, որ գործատուի կողմից պետք է հիմք ընդունվի հենց այդ հրամանով սահմանված ձևի սերտիֆիկատը:

Հարց 2

Աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում արդյո՞ք վերջինս պարտավոր է գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստ յուրաքանչյուր 14 օրը մեկ, թե այդ ընթացքում աշխատողին թույլատրվում է չներկայացնել համապատասխան փաստաթղթեր:

Պատասխան

Հրամանով հաստատվել են կոնկրետ վայրերում աշխատանքային գործունեության ընթացքում որոշակի սանիտարական կանոններ և դրանք պահպանելու պահանջներ: Միաժամանակ յուրաքանչյուր վայրում աշխատանքային գործունեության ընթացքում որոշակի սանիտարական կանոններ սահմանող հավելվածներով (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պահանջ: Սույն նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ աշխատողը պարտավորվում է սերտիֆիկատը գործատուին ներկայացնել կոնկրետ վայրում աշխատանքային գործունեություն իրականացնելիս, ինչից հետևում է, որ աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վերջինս չի այցելում աշխատանքի վայր, հետևաբար գործատուին թեստավորման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը բացակայում է:

Հարց 3

Արդյո՞ք ԱՆ N 65-Ն հրամանով սահմանված համապատասխան փաստաթղթերի ներկայացման պահանջները վերաբերում են նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ընկերության համար ծառայություններ մատուցող անձանց, թե՝ ոչ:

Պատասխան

Հրամանաով բացահայտված չէ աշխատող հասկացությունը, ինչից բխում է, որ խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքով կամ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված այն անձանց, ովքեր աշխատանքային պայմանագիր կամ հրամանի հիման վրա գործատուի օգտին կատարում են որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

 Ծառությունների վճարովի մատուցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով, որոնք չեն համարվում աշխատանքային իրավահարաբերություններ, հետևաբար հրամանով սահմանված պահանջները չեն տարածվում ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանքներ կատարող անձանց նկատմամբ: Սակայն այս մասով պետք է ուշադրություն դարձնել աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներին, որով սահմանվում է, որ եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:

Փաստաբան Նարինե Սարգսյանին տրամադրված հարցման պատասխանը վավերացված է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի կողմից:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին